Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Էլեկտրոմոնտաժ Սիկորա» չեխական ընկերությունը ներկայացրել է Արմավիր քաղաքում կառուցվող աղբի վերամշակման գործարանի ծրագիրը

13.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը չեխական «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերությունը ներկայացրել է Արմավիր քաղաքում կառուցվող աղբի վերամշակման գործարանի ծրագիրը, որը կյանքի է կոչվելու ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՉՀ Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Ողջունելով ներկաներին և կարևորելով Չեխիայում և եվրոպական երեք այլ պետությունում աղբի վերամշակման գործում բարձր վարկանիշ ունեցող «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության կողմից Արմավիր քաղաքում նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ այն մեծ խթան կհանդիսանա մարզային տնտեսության զարգացման համար և նոր աշխատատեղեր ստեղծելու լայն հնարավորություն կընձեռի: Բացի այդ, ըստ մարզպետի, մարզն ամբողջությամբ կմաքրվի աղբից և աղբահանության նոր մշակույթ կներմուծվի մեր իրականության մեջ. «Միայն Արմավիրի մարզից տարվա կտրվածքով պատրաստ ենք վերամշակման հանձնելու շուրջ 110 հազար տոննա աղբ: Անհրաժեշտության դեպքում էլ կավելացնենք նախատեսված չափաքանակը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ծրագրի իրականացմանն աջակցելու համար` «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրեն Պետրեմ Սիկորան նշել է, որ իր կողմից ղեկավարվող ընկերությունն աղբի վերամշակմամբ է զբաղվում 1996 թվականից և ԵՄԻ կողմից ունի հաստատված չորս փաստաթուղթ, որոնց հիման վրա թույլտվության իրավավունք են ձեռք բերել նման, եվրոպական վերջին չափորոշիչներին համապատասխանող գործունեություն իրականացնել և Եվրոպայում, և նրա սահմաններից դուրս:

Ըստ ընկերության տնօրենի` աղբի վերամշակման գործարանի կառուցման համար նախնական տվյալներով կներդրվի 100 մլն եվրո: Իսկ ծրագրի իրականացման ողջ գործընթացում, մարզպետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներգրավված կլինի տեղի աշխատուժը, չեխական կողմն էլ կիրականացնի մասնագիտական և ընթացիկ վերահսկողությունը:

Պետրեմ Սիկորայի խոսքով` աղբի վերամշակման ծրագիրն իրականացվելու է ամբողջական ցիկլով, որն իր մեջ ներառելու է և հավաքման գործընթացը, և արտադրության կազմակերպումը: Նրա հավաստմամբ` գործարանի տեխնիկական հզորությունը թույլ կտա տարվա կտրվածքով վերամշակել տարբեր նշանակության 300 հազար տոննա աղբ, փակ համակարգով, առանց արտանետումների և շրջակա միջավայրն աղտոտելու: Իսկ գործարանի հիմնական արտադրանքը կլինի էլեկտրաէներգիան, որը կվաճառվի էլեկտրակայաններին:

Անդրադառնալով գործարանի կառուցման ժամկետներին` «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրենը նշել է, որ Չեխիայից ժամանած մասնագիտական խումբը մինչև ուրբաթ օրը ուսումնասիրություններ է իրականացնելու Արմավիրի աղբավայրում, որին հաջորդող 14 օրվա ընթացքում էլ կներկայացվի գործարանի կառուցման ծրագրի վերջնական հայեցակարգը և ժամանակահատվածը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49