Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում մեկնարկել է «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիրը

17.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Վաղարշապատի տարածաշրջանի Արաքս համայնք, ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում 300 հա հողատարածքի վրա իրականացվող վար ու ցանքի աշխատանքներին:

«Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիրն իրականացվում է «Բամբակ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից` պարսիկ ներդրողների հետ համագործակցությամբ: Այն ընդգրկված է մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունում և իրագործման փուլերում կապահովի 350 նոր աշխատատեղ:

Մինչ ծրագրի մեկնարկը տաջիկ մասնագետների կողմից մարզում վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել է հողատարածքների ուսումնասիրություն, հողի լաբորատոր փորձաքննություն, բնակլիմայական պայմանների ուսումնասիրություն: Դրական եզրակացությունների արդյունքում ծրագիրն այսօր արդեն իրականացման փուլում է, և հույս կա, որ այն հեռանկարային կդառնա:

«Բամբակ Տեքստիլ Գրուպ» ընկերության աշխատակազմի ղեկավար Լուսինե Աղլամազյանի փոխանցմամբ` ծրագրի 1-ին փուլում նախատեսված է 1 մլն դոլարի ներդրում, որից 200 հազար դոլորն արդեն ներդրվել է. Հայաստան է բերվել բամբակի բարձրորակ սերմացու, ձեռք է բերվել առաջնային անհրաժեշտության տեխնիկա, և այժմ իրականացվում են վար ու ցանքի աշխատանքներ: Ծրագրի այս փուլը կավարտվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` բամբակի բերքահավաքով:

Ընկերության աշխատակցի փոխանցմամբ` ծրագրի հաջորդ փուլն իր մեջ ներառում է բամբակի վերամշակման գործընթացը, որից հետո ընկերությունը պատրաստ է ստացված հումքը արտահանել, օգտագործել առօրյա կիրառության համար, ինչպես նաև տեքստիլ արտադրության մեջ. «Ընկերությունը Գեղարքունիքի մարզում սեփականության իրավունքով ունի բամբակամանվածքային ֆաբրիկա, որտեղ բամբակը մշակման փուլ է անցնում, մանարանում դրանից ստացվում են տարբեր համարի թելեր, որոնք էլ, անցնելով գործվածքային արտադրամաս, դառնում են գնորդի պահանջարկին համապատասխանող կտորներ»։

Հավելենք, որ ծրագրի շրջանակում մարզում մինչ տարեվերջ նախատեսվում է կառուցել նաև բամբակի վերամշակման գործարան` տարբեր արտադրամասերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49