Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

14.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանի և ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արմավիրի մարզից զոհված զինվորների ծնողների հետ այսօր այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Նրանք «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու նախատեսվող ծրագրերին:

Հայկուհի Մինասյանը տեղեկացրել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք լիովին բավարար են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Ի թիվս երկու տասնյակից ավելի նորագույն սարքավորումների, այն հագեցած է նաև Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգով: Տարածաշրջանում այս սարքը միակն է և քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն հնարավորություններից է:

Հայկուհի Մինասյանը նշել է, որ ներկայումս կենտրոնում բուժում են ստանում տարբեր տարիների, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա հերոսամարտի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողներ, որոնց առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև կրթական, աշխատանքային և մի շարք այլ բնույթի հարցեր:

Մարզպետը և քառօրյայում զոհված զինվորների ծնողները զրուցել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող հայրենիքի պաշտպանների հետ, քաջալերել նրանց, հայտնել իրենց մշտական զորակցությունը:

Շարունակելով քառօրյա հերոսամարտում իր զոհված որդու՝ զինվորին խաչ նվիրելու ավանդույթը՝ ոսկեհատցի Արամայիս Միքայելյանի մայրն իր կրտսեր որդու կողմից պատրասվտած խաչերը մայրական քնքշությամբ ու սիրով հանձնել է հայրենիքի պաշտպաններին՝ նրանց մաղթելով անկոտրում կամք և շուտափույթ ապաքինում:

Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի առաքելությունը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր բարերարներին և անհատներին, որոնց կողմից տրամադրված միջոցների շնորհիվ այսօր զինհաշմանդամներն ու նրանց ընտանիքները կարողանում են համապատասխան բուժում ստանալ մասնագիտացված կենտրոնում:

Խոսելով մարզում համանման ձեռնարկներ իրականացնելու մասին՝ մարզպետը նշել է, որ նախատեսվում է ծրագիր, որն ուղղված է լինելու զինհաշմանդամների սոցիալական ինտեգրմանը, աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավմանը: Նա իր խոսքում անդրադարձել է նաև իրենց կյանքի գնով հայրենիքը պաշտպանած զինվորների հիշատակը հավերժացնելուն ուղղված քայլերին՝ այս փուլում առանձնացնելով նրանց անունով դպրոցների և փողոցների անվանակոչման իր նախաձեռնությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49