Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճանաչողական այցով եղել է Վաղարշապատի տարածաշրջանի բոլոր համայնքներում

01.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ավարտել է Վաղարշապատի տարածաշրջանի 42 համայնքում նախատեսված ճանաչողական այցերը: Համայնքներ կատարած այցերի շրջանակում մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին, ներհամայնքային խնդիրներին` տալով համարժեք պարզաբանումներ, միևնույն ժամանակ ներկայացնելով դրանց լուծման կարճաժամկետ և երկարաժամկետ ուղիները:

«Մոտ երկու ամիս է, ինչ ճանաչողական այցով լինում եմ տարբեր համայնքներում, և ինձ համար պարզ է դարձել, որ բնակչությանը մտահոգող հիմնական խնդիրները վերաբերում են ճանապարհաշինությանը, գազաֆիկացմանը, ոռոգման համակարգերի արդիականացմանն ու սակագների վերանայմանը, հոսանքի հաճախակի անջատումներին և դրանից բխող հետևանքներին, հողային հարաբերություններում առկա հարցերի կարգավորմանը, գյուղմթերքի իրացմանը: Առանձին համայնքներում էլ լուրջ խնդիր է հանդիսանում դպրոցի, մանկապարտեզի, ինչպես նաև մշակույթի տան վերանորոգումը կամ նորերի կառուցումը»,- հանդիպումների ժամանակ նշել է մարզպետը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում առկա հիմնախնդիրներն արդեն իսկ ներկայացվել են պատկան մարմիններին` հնարավոր լուծումներ ստանալու ակնկալիքով:

Համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ մարզպետը համայնքապետերի և բնակիչների ուշադրությունը հրավիրել է մի շարք հարցերի վրա, այդ թվում` սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի բարելավման, աղբահանության, սանիտարական մաքրման աշխատանքների ապահովման և այդ ուղղությամբ ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառման, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ հետևողականության դրսևորման: Գագիկ Միրիջանյանն անդրադարձել է նաև գյուղմթերքի մշակության ճիշտ պլանավորմանը, որը, ըստ նրա, կնպաստի իրացման խնդրի լուծմանը և կավելացնի գյուղացու շահույթը:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպումների ընթացքում համայնքներում առկա խնդիրները լուծելու և մարզի զարգացմանը նպաստելու գործում հաջողության հասնելու համար ներկայացրել է իր բանաձևը` ասելով. «Յուրաքանչյուրս մեր տեղում և համախմբված ձևով պետք է հնարավորինս բարձր մակարդակով ապահովենք մեզ վերապահված գործառույթների կատարումը և սրտացավություն ցուցաբերենք ցանկացած հարցի լուծման ուղղությամբ»:

Համայնքապետերն էլ մարզպետին վստահեցրել են, որ կանեն հնարավորը մարզային իշխանության և բնակչության սպասումներն արդարացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57