Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է Արմավիրի մարզ

12.08.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` տեղում ծանոթանալու օգոստոսի 10-ին տեղի ունեցած կարկտահարության պատճառած վնասներին և ներկայացնելու կառավարության մոտեցումը` գյուղացիական տնտեսություններին աջակցելու հարցում:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ առաջին փոխվարչապետը, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներն այցելել են կարկուտից 100 տոկոսի չափով տուժած Բամբակաշատ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներ, որտեղ հիմնականում վնասվել են խաղողի վազերը, պտղատու ծառերը, բանջար-բոստանային մշակաբույսերը և բնակելի տների տանիքները:

Նշված համայնքներում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կրած վնասի չափերը, հուզող խնդիրները։ Նրանք օգնություն են խնդրել կառավարությունից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել դրանք, ինչպես նաև հոգալ իրենց առօրյա հոգսերը:

Արարատ Միրզոյանն էլ վստահեցրել է, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը գյուղացուն մենակ չի թողնելու: <<Նախ ասեմ, որ երկարաժամկետ լուրջ լուծումներ ենք նախատեսում, այդ թվում` գյուղացիական տնտեսությունների ապահովագրում, հակակարկտային համակարգի արդիականացում և ռեալ գործարկում: Բայց նաև ստեղծված իրավիճակում լուծումներ փորձելու ենք տալ, և, իհարկե, աջակցություն լինելու է: Վաղվանից սկսվելու են վնասի գնահատման աշխատանքները և, ըստ այդմ, կվերլուծվի իրավիճակը, պետության հնարավորությունները, և ինչ-որ չափի աջակցություն վստահաբար կլինի>>,- իր խոսքում նշել է առաջին փոխվարչապետը` այնուամենայնիվ, կարևորելով խնդրի համակարգային լուծումը:

Անդրադառնալով բնական աղետների ժամանակ հակակարկտային կայանների ոչ արդյունավետ գործունեությանը, և հակառակը` ցանցային եղանակով պաշտպանության բարձր արդյունավետությանը` մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշել է, որ որոշ իրավիճակներում հակակարկտային կայանների գործարկումը բավականին արդյունք է տալիս, և դրանց անհրաժեշտությունը դեռևս զգացվում է: Նա կարևորել է նաև ցանցային եղանակով պաշտպանությունը` միաժամանակ նշելով, որ այն կարելի է կիրառել ոչ բոլոր մշակաբույսերի պարագայում: Կիսելով առաջին փոխվարչապետի տեսակետը` մարզպետը նաև ընդգծել է, որ պետք է գտնել կանխարգելիչ լուծումներ, այլ ոչ թե դեպքից հետո խոսել հետևանքների վերացման մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին տեղի ունեցած կարկտահարության և ուժգին քամու հետևանքով լուրջ վնաս է կրել Արմավիրի մարզի 14 համայնք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08