Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավոր կերպով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը

01.09.2018

Սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզ է այցելել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ եղել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում, մասնակցել տոնական օրվան նվիրված միջոցառմանը:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն օրվա առթիվ եղել է նաև Պտղունքի և Թայրովի միջնակարգ դպրոցներում: Պտղունքի դպրոցում մարզպետն ուսուցչական կազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` մաղթելով նրան բեղուն աշխատանքային շրջան, իսկ նախկին տնօրենին շնորհակալություն է հայտնել երկարամյա արդյունավետ աշխատանքի համար:

Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի օրվա առթիվ` մարզպետը մաղթել է նրանց հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով լի ուսումնական տարի: Նա հորդորել է աշակերտներին լավ սովորել և իր խոսքում նշել է. «Գիտելիքի և կրթության շնորհիվ դուք կերտելու եք մեր պապերի և մեր երազած ապագան: Դուք պետք է գիտակցեք, որ մարդկության առաջընթացի, նաև մեր երկրի զարգացման կարևորագույն նախապայմանն այսօր էլ շարունակում է մնալ գիտելիքն ու կրթությունը: Ուստի արեք ամեն ինչ ոսումնառության տարիներին ձեր գիտելիքների պաշարը հարստացնելու և մեր հասարակության համար պիտանի մարդ դառնալու համար»: Նա առանձնակի ջերմությամբ իր շնորհավորանքի խոսքն է հղել առաջին դասարանցիներին, վերհիշել իր առաջին մուտքը դպրոց, որից հետո ուղեկցել է նրանց իրենց դասասենյակներ:

Հավելենք, որ 2018-2019 ուսումնական տարում մարզի 111 հանրակրթական դպրոցում կձևավորվի 1634 դասարան` 34085 աշակերտով: Առաջին դասարան կհաճախի շուրջ 3690 աշակերտ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08