Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարւոթյունը Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

02.10.2018

<<Արշալույս համայնքի հարգելի բնակիչներ,

Անդրադառնալով Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակին` հարկ եմ համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողությամբ արձանագրված իրավական և ֆինանսական հետևանքներ առաջացնող իրավախախտումներին համարժեք գնահատականներ տալու նպատակով համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից համապատասխան գրությամբ արդեն տեղեկացվել է, որ Արշալույս համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել և վարույթ ընդունելու մասին որոշում է կայացվել:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ս.թ. հուլիսի 13-ին Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը գրություն է ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզպետարան, որում նշված է եղել. «Գնահատելով համայնքում ծավալված իրավիճակը, արձակուրդից վերադառնալուց հետո՝ 2018 թվականի օգոստոսի 14-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված համայնքի ավագանուն կներկայացնեմ իմ որպես համայնքի ղեկավար վաղաժամկետ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկը»։

Համապատասխան գրությունն օրեր անց ՀՀ Արմավիրի մարզպետի ուղեկցական գրությամբ ներկայացվել է համայնքի ավագանուն` հետևյալ առաջարկությամբ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացնել համապատասխան գործառույթներ, մասնավորապես` համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին կազմել արձանագրություն»:

Սակայն համայնքի ավագանին, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, միտումնավոր անգործություն դրսևորելով՝ ձախողել է տեղական ինքնակառավարման մարմնի` համայնքի ավագանու լիազորությունների իրականացումը։

Այնուհետև համայնքի ղեկավարը համապապատսխան գրություն է ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզպետարան` հայտնելով, որ ս.թ. օգոստոսի 10-ին Արշալույս համայնքում տեղի ունեցած ուժեղ կարկուտի և փոթորիկի հետևանքով համայնքի բնակիչներին պատճառվել է մեծ չափի վնաս, և համայնքապետարանի աշխատակազմը զբաղված է ուսումնասիրություններ կատարելով և վնասի չափերն արձանագրելով…:

Այդ կապակցությամբ Արշալույս համայնքի ղեկավարի փոխարինողին և համայնքի ավագանու անդամներին ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան գրությունը և տեղեկացվել է, որ Զարզանդ Գրիգորյանի արձակուրդը շարունակվում է և ավարտվելու է 2018 թ. հոկտեմբերի 2-ին: Ըստ այդմ, նրանց առաջարկվել է 2018 թ. հոկտեմբերի 3-ին հրավիրել համայնքի ավագանու նիստ` քննարկելու համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ առաջարկը:

Ելնելով վերոգրյալից` կրկին անգամ առաջարկում եմ մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքի ղեկավար և ավագանի) իրենց աշխատանքները կազմակերպել բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան>>:

****

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով այն համայնքներում, որտեղ ավարտվել են իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքները, դրանց արդյունքները քննարկվել են համայնքներում հրավիրված ավագանու նիստերի ընթացքում, իսկ հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունները հրապարակվել են մարզպետարանի պաշտոնական կայքում` օրենքով նախատեսված կարգով ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը (http://armavir.mtad.am/administrative-control-record/):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08