Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

23.11.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալեքսանդր Ղուկասյանը, Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ համայնքների ղեկավարները:

Մարզխորհրդի նիստի օրակարգը հաստատման ներկայացնելուց հետո մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել է սույն թվականի հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում  8 նորընտիր եւ 6 վերընտրված համայնքապետերին` նրանց մաղթելով երկարատեւ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ` ի շահ համայնքների զարգացման եւ հզորացման:

Մարզպետը ՏԻՄ ներկայացուցիչներին կրկին անգամ շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների 22-րդ տարեդարձի կապակցությամբ եւ այդ համատեքստում տեղեկացրել, որ օրվա առթիվ Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված <<Տարվա լավագույն համայնք>> մրցանակաբաշխությանը <<Մաքուր համայնք>> անվանակարգում մրցանակ է ստացել Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը, իսկ <<Մշակութային լավագույն համայնք>> անվանակարգում՝ Փարաքարը: Նա դարձյալ շնորհավորելով մրցանակաբաշխության արդյունքում հաղթող ճանաչված համայնքների ղեկավարներին եւ ազգաբնակչությանը` ցանկություն է հայտնել, որ մյուս համայնքները եւս արժանանան նման մրցանակների:

Այնուհետեւ սույն թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման եւ համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացն է ներկայացրել մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը՝ մասնավորապես նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2136134,2 հազար դրամի դիմաց կազմել են 1866627,4 հազար դրամ, կատարողականը՝ 87,4 տոկոս: Ըստ նրա՝ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով:

Անդրադառնալով որոշ համայնքների կողմից հավաքագրման ցածր մակարդակի ապահովմանը` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը կոչ է արել բարելավել համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը, որը խթան կհանդիսանա նաեւ համայնքներում ինչ-ինչ ծրագրերի շրջանակներում առաջնային համարվող խնդիրների լուծման համար:

Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է նաեւ համայնքներում աշխատավարձերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ նոյեմբերի 15-ի դրությամբ աշխատավարձի պարտք ունի թվով 13 համայնք, եւ այն կազմում է 14377,8 հազար դրամ:

Օրակարգային հարցերի շրջանակում Վարազդատ Մկրտչյանն անդրադարձել է նաեւ խոշոր հարկատուների կողմից տարիներ շարունակ չվճարված հողի հարկին եւ գույքահարկին՝ տեղեկացնելով, որ այդ հարկատեսակների մասով չվճարված գումարի չափը հասնում է 280.0 մլն դրամի: Տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցների կիրառման համար իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով նա համայնքապետերին կոչ է արել դիմել մարզպետարանի իրավաբանական բաժին: Այնուհետեւ անդրադառնալով համայնքների 2019 թվականի բյուջեների կազմման աշխատանքներին` համայնքապետերին առաջարկել է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքին համապատասխան ապահովել գործընթացի լիարժեք կատարումը:

Արմավիրի մարզում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքն է ներկայացրել մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` նշելով որ 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ ցանքատարածությունները կազմել են 27211,43 հեկտար: Իսկ գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվել է 41421,67 հեկտար, այդ թվում` 9042,4 հեկտար պտուղ, 6791,5 հեկտար խաղող:

Ըստ մշակաբույսերի ներկայացնելով մարզում արտադրված գյուղմթերքի ծավալը` նա ընդգծել է, որ մարզում բերքի իրացման հարցը միշտ գտնվել է կառավարության եւ մարզպետարանի ուշադրության կենտրոնում, այդ նպատակով պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել վերամշակող կազմակերպությունների եւ արտահանողների հետ: Արթուր Այվազյանի խոսքով` միայն մարզում գործող մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 7803 տոննա պտուղ-բանջարեղեն եւ 51732 տոննա խաղող:

Անդրադառնալով աշնանացանի եւ այգեթաղի գործընթացին` նա տեղեկացրել է, որ մարզում արդեն կատարվել է 1800 հեկտար աշնանացան, իսկ 6791,5 հեկտար խաղողի այգուց 3000 հեկտարի վրա կատարվել է այգեթաղ:

Ամփոփելով օրակարգային հարցի շուրջ իր ելույթը` գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ հաշվետու տարում բնական աղետների հետեւանքով 6878 հողօգտագործողի 20-100 տոկոսի չափով վնասված 4034,99 հեկտար մշակովի հողատարածքի համար պետության կողմից նախատեսվող մասնակի փոխհատուցման հարցն առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր լուծում կստանա:

Արտահայտելով իր դիրքորոշումը բնական աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին մասնակի փոխհատուցում տրամադրելու հարցի առնչությամբ` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նշել է, որ իր համար նախընտրելի է պետական աջակցություն ցուցաբերել բոլոր գյուղացիներին` անկախ կրած վնասի չափից: Մարզպետը կոչ է արել համայնքների ղեկավարներին բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում առ այն, որ հողի հարկի ու գույքահարկի գծով պետության կողմից չի լինելու որեւէ զիջում, ինչը պայմանավորված է օրենքի եւ պետական բյուջեի առջեւ ունեցած պարտավորությունների կատարման անխուսափելիությամբ։

Մարզխորհրդին <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նախընտրական քարոզչության ժամանակ հանրային ծառայողների մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը: Նա մասնավորապես նշել է, որ օրենքով արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը հանրային ծառայողներին, առողջապահական, բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատարը միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար աշխատաժամանակ է սահմանվել առավոտյան 9:00-ն, իսկ ավարտ` երեկոյան 18:00-ն: Նա առաջարկել է նախընտրական քարոզչության ընթացքում պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պահանջները:

Անդրադառնալով օրակարգային հարցին` մարզպետն ընդգծել է, որ ընտրական գործընթացում բացառվելու է մարզպետարանի կամ այլ մարմինների ու անձանց կողմից ուղղորդումը: Նա նշել է ընտրական օրենսգրքով սահմանված են այն հստակ գործառույթները, որոնցով պետք է առաջնորդվեն համայնքապետերը: Դրանք են`

1. Տեղամասային կենտրոնների ձևավորումը, տեղամասային կենտրոնի պատասխանատու նշանակելը, կենտրոնի ջեռուցումը եւ էլեկտրական հոսանքով ապահովման, ինչպես նաեւ տեղամասային կենտրոնին գույքով եւ չհրկիզվող պահարանով ապահովումը:
2. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու նպատակով տարածքային հատկացում:
3. Նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով սահմանված կարգով անվճար դահլիճներ եւ տարածքներ տրամադրել:
Եզրափակելով իր խոսքը` մարզպետը նշել է, որ համախմբված աշխատանք է տարվելու միայն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովելու համար, որի արդյունքում համայնքները չեն պառակտվելու, այլ զարգացման նոր ուղի են հարթելու. <<Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ համայնքներն այսուհետ հավասարաչափ զարգանան ու կայունանան, որպեսզի հեռանկարում ունենանք ՏԻՄ կառավարման երկաստիճան համակարգ>>:

Ներկայացնելով իր կառավարման մոտեցումը` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նշել է. <<Ես չեմ եկել կառավարությունը ներկայացնելու Արմավիրի մարզում, այլ այստեղ եմ, որ աշխատեմ արմավիրցու հետ, որ կարողանամ արմավիրցուն, համայնքներին ներկայացնեմ կառավարությունում>>:

Այնուհետև մարզպետն անդրադարձել է ապօրինությունների բացառմանը համայնքներում` ընդգծելով, որ այսուհետ գործելու է միայն օրենքը, եւ բոլորը հաշվետու են լինելու օրենքի առջեւ: Իսկ համայնքներում իրականացվող իրավական եւ մասնագիտական հսկողության նկատմամբ նա մաքսիմալ ուշադրություն է պահանջել համապատասխան հանձնաժողովներից եւ ՏԻՄ-երից` ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում չի զլանալու համագործակցել իրավապահ մարմինների հետ:

Մարզխորհրդի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև 2018 թվականի ձմեռային զորակոչի խնդիրներին եւ <<Ես եմ>> ծրագրին վերաբերող մանրամասներ, որոնք ամփոփելուց հետո մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզխորհրդի նիստը հայտարարել է ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36