Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը

26.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Արտիմետի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Արամ Աբրահամյանը նոյեմբերի 25-ին կդառնար 22 տարեկան: Նա զոհվել է ապրիլի 4-ին, Ջրականի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Արամը Զինված ուժեր է զորակոչվել 2015 թվականին հունվարի 13-ին: Ծնողների խոսքով` նա պատրաստակամ է մեկնել ծառայության ու ծառայության ընթացքում որեւէ բողոք չի ունեցել: Սակայն շատ երազանքներ է ունեցել, որոնք այդպես էլ անկատար մնացին:

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Աբրահամյանների ընտանիքի, համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի եւ մեծաթիվ հյուրերի հետ միասին ծաղիկներ է դրել հերոս հայորդու հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ գլուխ խոնարհել նրա հիշատակի առաջ:

Հերոսացած զինվորի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումը նշանավորվել է նրա հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացմամբ, որի պատիվը վերապահվել է մարզպետին եւ հերոսի հորը:

Նման ձեռնարկի միջոցով կարեւորելով Արամ Աբրահամյանի հիշատակի հավերժացումն ու այն համարելով օրինակ բոլոր սերունդների համար` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Արամի ծնողներին` նման հայրենասեր որդի լույս աշխարհ բերելու եւ հայոց հողին ու ազգին նվիրաբերելու համար: <<Արամ Աբրահամյանի սխրանքն ավելին է, քան մենք կարող ենք խոսել եւ ներկայացնել: Հավերժ հիշատակ Արամին, փառք ու պատիվմեր բոլոր զինվորներին>>,- ամփոփելով իր խոսքը` նշել է մարզպետը:

Միջոցառման ավարտից հետո մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է Արամ Աբրահամյանի անունը կրող ռազմագիտության դասասենյակ, ծանոթացել նրա մասին պատմող իրերին եւ տեղեկատվական այլ նյութերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49