Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

26.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրվել է ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որը վարել է Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը (խորհրդակցական ձայնի իրավունքով), ներքին աուդիտի բաժնի պետ, կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվել են «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ, «Արմավիրի արյան կայան» ՊՓԲԸ, «Մեծամորի ԲԿ» ՓԲԸ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Էջմիածին ԲԿ» ՓԲԸ, «Հիսուսի մանուկներ» ՓԲԸ առողջապահական ընկերություններում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները` աուդիտորական հաշվետվությունները և եզրակացությունները:

Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Արայիկ Հակոբյանն ամփոփ հաշվետվությամբ ներկայացրել է վերը նշված բուժհաստատություններում իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված թերությունները և խախտումները`պատասխանատուներին առաջարկելով խստագույնս հետևել հարկային օրենսդրության պահանջներին, վերահսկել վճարովի ծառայությունների ժամանակին և ճիշտ նախատեսումը, հավաքագրումն ու վճարումը, կրեդիտորական պարտքերը հասցնել նվազագույնի, արտաքին համատեղություններն իրականացնել օրենքով սահմանված կարգով, սեղմ ժամկետում իրականացնել նաև հիմնական միջոցների վերագնահատում, իսկ հիվանդանոցների բաժանմունքներում էլ փակցնել մատուցվող ծառայությունների գնացուցակը:

Ամփոփելով օրակարգային և ընթացիկ հարցերի քննարկումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել աուդիտի արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները, իսկ կոպիտ խախտումներ թույլ տված աշխատակիցների մասով էլ նախապատրաստել կարգապահական տույժեր:

Հավելենք, որ ներքին աուդիտի կոմիտեն նիստում ներկայացված տվյալների հիման վրա կնախապատրաստի համապատասխան առաջարկությունների, դիտողությունների և կարգապահական տույժերի մասով արձանագրություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44