Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

28.12.2018

Արմավիրի մարզի հարգելի′ բնակիչներ, սիրելի′ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Կրկին մոտեցանք հին ու նոր տարվա սահմանագծին: Բազմադարյա պատմության էջերում շուտով կամփոփվի 2018 թվականը, որը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ կհավերժանա որպես համաժողովրդական հաղթանակի տարեթիվ։ Հաղթանակ, որը հայության շրջանում նոր հույս ու հավատ արթնացրեց ապագայի նկատմամբ, վերափոխեց մոտեցումն ու վերաբերմունքը պետության հանդեպ։

Այսօր, առավել քան երբևէ, մեր երկրում բացառիկ հնարավորություն է ստեղծվել շտկելու պետության ողնաշարը, մերժելու արատավոր երևույթները, արժևորելու յուրաքանչյուր քաղաքացու դերը, ամրագրելու օրենքի գերակայությունը և նոր դուռ բացելու դեպի զարգացող Հայաստան։ Ուստի եկե′ք յուրաքանչյուրս մեր հնարավորությունների շրջանակում անենք առավելագույնը` մեր երազանքների հայրենիքը կերտելու գործում։

Հավատացե′ք, մենք կարող ենք։ Դրա ապացույցը մեր դարավոր պատմությունն է և ոչ վաղ անցյալի իրադարձությունները, որոնք կրկին անգամ փաստեցին, որ հայ ժողովուրդն անպարտելի է, իսկ ցանկությունը՝ իրականանալի, երբ միասնական է։ Մեր մեծ ընտանիքը՝ Հայաստան աշխարհը, և նրա մասնիկը հանդիսացող Արմավիրի մարզը շենացնելու միասնական ցանկությամբ ու վճռականությամբ էլ եկե′ք մուտք գործենք 2019 թվական։

Սիրելի′ բարեկամներ,
Այս օրերին բոլորիս օջախներում, մտքում ու խոսքում գերիշխում է հույսը, հավատն ու սերը, որն ավելի է ջերմացնում մեր իրականությունը՝ մեծ ուժ պարգևելով մեզանից յուրաքանչյուրին։ Եվ թո′ղ հենց այդ դրական էներգիայի ուժն էլ մեզ առաջնորդի ողջ տարվա ընթացքում։

Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ ամանորյա տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ գալիք տարում խաղաղ երկնքի ներքո հասնեք ձեր փոքր ու մեծ, անձնական ու համընդհանուր նպատակների իրականացմանը:
Թո′ղ 2019-ը նշանավորվի ցանկալի ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:
Ամենայն բարիք բոլորիս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49