Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչը

07.01.2019

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ և ԶՈւ զինվորականներ, այլ ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ:

Ավանդույթի համաձայն պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։

Այնուհետև ներկաներին ողջունել և ձմեռային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` մասնավորապես ասելով. «Օգտվելով առիթից ցանկանում եմ նախ շնորհավորել բոլորիդ Նոր տարվա առթիվ՝ մաղթելով, որ 2019 թվականը դառնա խաղաղության, հաջողության և ձեռքբերումների տարի։ Թող մեր երկրում ստեղծված իրավիճակն էլ իր դրական անդրադարձն ունենա Հայաստանի կայուն զարգացման և հայության կենսամակարդակի բարելավման վրա։

Իսկ այդ ամենն իրականություն կդառնա միայն ու միայն խաղաղության պայմաններում, որի երաշխավորը մեր նորանկախ պետության ամենամեծ ձեռքբերումն է՝ հաղթանակած բանակը։

Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք պատիվ ունեք համալրելու հենց այդ բանակի շարքերը և պաշտպանելու Հայոց երկրի սահմանը, որն ուրվագծվել է բազում հերոսների արյամբ։ Ձեր ծառայության երկու տարիների ընթացքում դուք եք ստանձնելու հայրենիքի պաշտպանի դերն ու անսասան պահելու երկրի դարպասները:

Ուստի իմ խնդրանքն ու հորդորն է ձեզ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ձեր ծառայությանը, լինել աչալուրջ և երբեք չփնտրել ներքին թշնամիներ, քանի որ բոլորիս երակներով հոսում է հայի արյունը, մենք մի ազգ ենք ու մի բանակ։ Իսկ իմ ցանկությունն է, որ ձեր ծառայությունն առաջին հերթին անցնի խաղաղության պայմաններում, բանակային տարիներն էլ նպաստեն ձեր ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը:

Մեր նորակոչիկների հարգարժան ծնողներ, ձեզ էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր զավակներին արիաբար դաստիարակելու և նրանց մեջ հայրենասիրություն սերմանելու համար՝ վստահեցնելով, որ ծառայության տարիները կյանքի մեծ դպրոց են դառնալու ձեր որդիների համար, որից հետո դուք նորովի եք ճանաչելու նրանց։

Եկեք բարձր տրամադրությամբ և լավատեսությամբ մեր նորակոչիկներին այս պատմական ու հաղթական վայրից ճանապարհենք Հայոց բանակ՝ նրանց մաղթելով խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։
Աստված պահապան բոլորիս»։

Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը՝ կոչ անելով քրիստոնեական հավատքով և հայրենասիրությամբ տոգորված մեկնեն ծառայության, և իրենց սրբազան պարտքը տան հայրենիքին: Նա միևնույն ժամանակ հորդորել է եղբայրական սիրով լցվել միմյանց հանդեպ: «Մենք միշտ աղոթում ենք յուրաքանչյուր զինվորի համար, որպեսզի նրանց ծառայությունն անցնի անփորձանք և փառք ու պատվով վերադառնան իրենց տուն»,- ամփոփելով իր խոսքը` նշել է Արմավիրի թեմակալ առաջնորդը:

Այնուհետև նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Համբարձում Մաթևոսյանից, համայնքապետերից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49