Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 23-րդ տարեդարձին

21.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների, մեծաթիվ արմավիրցիների և հյուրերի հետ Արմավիրի մշակույթի տանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 23-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթին:

Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված զինծառայողներից 6-ը Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է` ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվելով «Մարտական ծառայության համար» և «Արիության» մեդալներով:

Հերոս արևիկցու ծննդյան օրվան նվիրված միջոցառումն ազդարարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից հնչեցված տերունական աղոթքով և օրհնության խոսքով. «Մեծարգո պարոն մարզպետ, մարզային և քաղաքային իշխանություն, ուժային կառույցների ներկայացուցիչներ, թանկագին ծնողներ, սիրելի ներկաներ, ճիշտ է, մենք փոքր ածու ենք, բայց հիշատակման արժանի շատ գործեր ունենք կատարած: Իրապես, մեր պատմությունը հարուստ է հերոսական էջերով: Դա ևս մեկ անգամ ապացուցվեց 2016 թվականի ապրիլին:

… Մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք հոգու անմահությանը, ուստի Գոռ Կիրակոսյանը չի մահացել: Նա ապրում է, նա մեզ հետ է: Քաջ զինվոր, ով իր կարճատև կյանքով ապացուցեց, որ կարևորը մարդու կատարած գործն է, կարևորը բազմաբովանդակ և իմաստալից կյանք կերտելն է: Մենք հպարտությամբ ենք խոսում այս հաղթանակած զինվորի մասին, քանզի նա գիտակցելով գնացել է դեպի մահը՝ ապացուցելով, որ «Մահ իմացեալ անմահություն է»:

Այնուհետև ներկաներին ողջունել և օրվա առթիվ իր խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` մասնավորապես նշելով. «Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հպարտությամբ ոգեկոչենք 2016 թվականի ապրիլյան քառօրյային իր կյանքը հայրենիքին նվիրած Գոռ Կիրակոսյանի հիշատակը և ծննդյան 23-րդ տարեդարձը:

Ինչ խոսք, կորստի ցավը շատ մեծ է, բայց ոչ առավել, քան նրա պատիվը: Նա իր անունն անմահացրեց խիզախությամբ և հայրենի հողին թափված արյամբ: Այսօր բոլորս հպարտությամբ ենք հիշում քաջ արևիկցու՝ որպես ազնիվ, պարտաճանաչ, իսկ հասարակական գործում՝ նպատակասլաց և ուղղամիտ տեսակը:

Ի պատիվ իրեն, նա իր օրինակելի վարքով և անձնային որակներով աչքի է ընկել նաև Արցախի Հանրապետությունում ծառայելու ժամանակահատվածում՝ այդ 21 ամիսների ընթացքում արժանանալով բազում խրախուսանքների և շնորհակալագրերի: Ծառայության ընթացքում կատարելով դժվարին ու պատասխանատու աշխատանք՝ նա մարտական դիրքեր է տեղափոխել զենք ու պարեն` իր գործը կատարելով մեծ նվիրումով:

Սակայն զորացրվելուց երեք ամիս առաջ` բոլորիս հայտնի հանգամանքներում, տեղի ունեցավ անսպասելին. հայ ժողովրդին պատուհասած ապրիլյան քառօրյա պատերազմում Գոռն իր հերթական հանձնարարականը կատարելիս դարձավ թշնամու գնդակի զոհը` իր անունը հավերժացնելով հայ քաջերի շարքում:

Գոռ Կիրակոսյանը ծնվեց` ապացուցելու համար, որ հերոս է, մարդ է անվարան, ում անունը կհիշվի դարեդար: Նրա շիրմաքարը, որը խոյանում է հայրենի գյուղում և խաչքարը, որը կանգուն է Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում թող լինեն մեծար, քանզի որպես մարդ ինքն է այսօր անմահ ու ազգամեծար:

Հավերժ փառք ու պատիվ Գոռ Կիրակոսյանին և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջերին:
Մենք հպարտ ենք` լինելով ձեր սերնդակիցը
»:

Հուշ-ցերեկույթը շարունակվել է հայրենասիրական երգերով, ասմունքով և քաջ մարտիկի մասին օրինակելի պատմություններ հիշատակելով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49