Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը

23.01.2019

Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2018 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Նիստին ներկա են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, այլ պաշտոնյաներ և համայնքապետեր:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բոլորին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ աշխատանքային գործունեության ընթացքում` ընդգծելով, որ անելիքները շատ են, և բոլոր խնդիրները լուծվելու են պատվով ու պատասխանատվության բարձր զգացումով:

Հաշվետու նիստին հիմնական զեկույցով հանդես է եկել ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը` մասնավորապես ընդգծելով, որ իր ղեկավարած կառույցի գործունեությունը հաշվետու տարում հիմնականում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

Ըստ զեկուցողի` Արմավիրի ՄՓՎ-ն 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքները կատարել է ամբողջությամբ, և հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից բացթողումներ և թերացումներ չեն գրանցվել:

Հովհաննես Մարգարյանի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Միաժամանակ նշվել է, որ 2018 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով ՄՓՎ կողմից ցուցաբերվել է մեթոդական օգնություն մարզի համայնքների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանների և պլան-ժամանակացույցերի ճշգրտման ուղղությամբ:

Անդրադառնալով 2018 թվականին մարզում գրանցված արտակարգ դեպքերին` Արմավիրի ՄՓՎ պետը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է հրդեհի 305, կենցաղային 187, ավտովթարի 35, փլուզման 3, պայթյունի 1 և այլ բնույթի տեխնածին աղետների 49 դեպք: Ըստ նրա` ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 136-ով` շուրջ 36.9 տոկոսով:

Հովհաննես Մարգարյանն իր զեկույցում նշել է, որ Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոնում հաշվետու տարում գրանցվել է 86767 զանգ և սպասարկվել է 576 տարաբնույթ արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգ: ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների և օպերատիվ խմբի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 619 ելք, որից հրդեհների մարման նպատակով` 322, իսկ փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 271:

Արմավիրի ՄՓՎ պետը անդրադարձել է նաև փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, անձնակազմի կառավարման և իրավական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ավարտելով զեկույցը` նա առաջարկել է 2019 թվականին վարչության գործնեությունը նպատակաուղղել արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում մարզի վարչական տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը, ղեկավար կազմի և ՔՊ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը: Հովհաննես Մարգարյանն ընթացիկ տարվա համար կարևորել է նաև բոլոր մակարդակների ՔՊ և տարահանման պլանների, պլան-ժամանակացույցերի ճշգրտումը` առաջարկելով դրանք դարձնել առավել իրատեսական:

Ամփոփելով ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի գործունեությունը ներկայացնող հաշվետու նիստը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքապետերի ուշադրությունը հրավիրել է աղետների ռիսկերի կառավարման պլանների ներկայացմանը` ասելով. <<Այս ամենն իրականում թվացյալ, ձևական բնույթ է կրում, քանի դեռ խնդիրներ չեն առաջացել: Բոլորս գիտենք, որ արտակարգ իրավիճակների կանխարգելման հետ կապված մարզում շատ լուրջ անելիքներ կան: Կոչ եմ անում ձեզ այս պլանները շուտափույթ կազմել, համագործակցել փրկարար ծառայության հետ` ներկայացնելով համապատասխան փաթեթները: Մենք պետք է աշխատանքներ տանենք մեր բնակիչների հետ` նախօրոք պատրաստ ունենալով բոլոր մակարդակների ՔՊ պլանները>>:

Մարզպետն անդրադարձել է նաև հրդեհների կանխարգելմանը` այդ առումով կարևորելով բնակչության շրջանում բացատրական աշխատանք իրականացնելը. <<Հրդեհների ավելի քան 50 տոկոսը հենց նույն համայնքի բնակիչների պատճառով է: Մարդիկ առանց գիտակցելու կրակներ են վառում չոր խոտածածկ տարածքներում, որի հետևանքով ԱԻՆ աշխատակիցները ոչ ֆինանս են խնայում, ոչ կյանք, ոչ ժամանակ, որպեսզի գնան և այդ խնդիրները լուծեն…>>:

Անդրադառնալով ժամանակակից կապի միջոցների ներդրմամբ մարզի բնակչության ազդարարման համակարգի վերազինմանը և շեշտելով դրա կարևորությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է բյուջեների կազմման ժամանակ որոշակի գումար նախատեսել այդ նպատակով:

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրում. Արտակարգ իրավիճակների նախարարի և Արմավիրի մարզպետի կողմից պատվոգրերով են պարգևատրվել մարզային իշխանության տարբեր ոլորտներ ներկայացնող պաշտոնյաներ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49