Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը եղել է Լենուղի համայնքում գտնվող վթարային երկու շենքերում

24.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանի և ոլորտաային այլ պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Լենուղի համայնք` տեղում ծանոթանալու երկու բազմաբնակարան վթարային շենքերի ընդհանուր վիճակին, հանդիպելու բնակիչների հետ:

ՀՀ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ փողոցի 1-ին, 2-րդ և 3-րդ բազմաբնակարան շենքերը կառուցվել են 1931 թվականին և չեն ունեցել կոմունալ հարմարություններ: Շենքերը 4-րդ կարգի վթարային կարգավիճակ ստացել են 2010 թվականին, բայց վթարային են եղել և բնակության համար վտանգավոր են համարվել դեռևս 1980-ական թվականներից:

Բնակարանները բաժանվել են կառուցման օրվանից, և բնակիչները պարբերաբար փոխվել են համայնքային իշխանության որոշումների հիման վրա` չունենալով սեփականաշնորհման վկայականներ, քանի որ վթարային շենքերը սեփականաշնորհման ենթակա չեն:

Վերը նշված շենքերում մասնակի նորոգումներ իրականացվել են 1980-ական թվականներին` տեղական իշխանությունների կողմից: Ի սկզբանե այդ շենքերում բնակեցված է եղել 29 բնակարան: 2015 թվականին բնակարանային ապահովման նպատակով 6 մլն 600 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրվել 2-րդ շենքի 7 ընտանիքի, քանի որ տվյալ շենքի պատերում առկա են եղել վտանգավոր չափերի ճեղքեր:

Այժմ 1-ին և 3-րդ շենքերում բնակեցված է 22 բնակարան: Բնակության պայմանները վերջին տարիներին ծայրահեղ վատացել են: Շրջայցի ընթացքում դրանում համոզվեց նաև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և բնակիչների հետ զրույցում վստահեցրեց, որ այսօրվանից սկսած զբաղվելու է հարցի լուծմամբ. <<Հենց այսօր ես կապ կհաստատեմ պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ և կփորձենք համատեղ ուժերով խնդրի լուծման համար հնարավոր տարբերակներ գտնել: Նախ պետք է շտապ քայլեր ձեռնարկենք բնակիչներին այդ շենքերից դուրս բերելու, ապա` խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ: Ես հստակ ժամկետներ չեմ կարող նշել, բայց մի բանում կարող եմ վստահեցնել, որ հետևողական եմ լինելու այս հարցում>>:

Համայնք կատարած այցի շրջանակում մարզպետը եղել է նաև բուժամբուլատորիայի շենքում, որտեղ քննարկվել է այն վերանորոգելու և որպես ժամանակավոր կացարան` բնակիչներին հանձնելու հարցը: Այնուհետև նա այցելել է համայնքի մշակույթի տուն, որը, անմխիթար պայմաններից ելնելով, տարիներ առաջ դադարել է գործել:

Լենուղիում Համբարձում Մաթևոսյանի այցն ամփոփվել է համայնքապետարանում հրավիրված խորհրդակցությամբ, որի ընթացքում համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և բնակիչների հետ քննարկվել են սուբվենցիոն և այլ ծրագրերով համայնքի համար առաջնային համարվող խմելաջրի ցանցի վերանորոգման, խորքային հորերի վերականգնման, մշակույթի տան հիմնանորոգման հարցերը, անդրադարձ է եղել նաև համայնքում մանկապարտեզ ունենալու հնարավորությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49