Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Ակնալիճ համայնքի ղեկավարի` 2018 թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստին

06.02.2019

Այսօր Ակնալիճ համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել համայնքապետ Գևորգ Միսակյանի 2018 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին համայնքի բնակչության, ավագանու անդամների, դպրոցի տնօրենի, ուսուցիչների, համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցների հետ ներկա է գտնվել նաև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Ներկայացնելով 2018 թվականի իր գործունեությունն ամփոփող հաշվետվությունը` Ակնալիճ համայնքի ղեկավարը մասնավորապես նշել է, որ հաշվետու տարում համայնքի բյուջեի եկամտային մասը փաստացի կազմել է 82 մլն 826 հազար դարմ, այդ թվում` . տարեսկզբի ազատ մացորդը եղել է` 3 մլն 703.3 հազ. դրամ, հողի հարկը`4 մլն 281.6, շենք-շինությունների մասով գույքահարկը` 81.8 հազ. դրամ, փոխադրամիջոցների մասով` 6 մլն 115.5 հազ. դրամ, տեղական տուրքերը` 151.9 հազ. դրամ, դոտացիա պետությունից` 59 մլն 210.4 հազ. դրամ, վարձակալական հողերի վարձավճար` 743.4 հազ. դրամ, ոչ հարկային եկամուտներ` 2 մլն 689.1 հազ. դրամ, հողի օտարումից եկամուտներ` 5 մլն 849.6 հազ. դրամ:

Ըստ համայնքապետի` 2018 թվականի ծախսը կազմել է 75 մլն 160.2 հազ. դրամ: Նշված գումարից որպես սոցիալական օգնություն է տրամադրվել 6 մլն 500.0 հազ. դրամ, սուբսիդիա մանկապարտեզին` 10 մլն դրամ, մշակութային ծախսեր 3 մլն 900.0 հազ. դրամ, համայնքապետարանի պահպանման և անասնաբուժական ծառայությունների ծախսեր 28 մլն 521.0 հազ. դրամ:

Գևորգ Միսակյանը ներկայացրել է նաև համայնքի բյուջեի միջոցներով 2018 թվականին իրականացված աշխատանքները, որոնց շրջանակում ասֆալտապատվել է Շահումյան փողոցը (17 մլն 193.6 հազ. դրամ, որից 6 մլն 480.0 հազար դրամը պետության համաֆինանսավորմամբ), փոխվել է տվյալ փողեցի խմելու ջրագիծը (1 մլն 121.0 հազ. դրամ), մասնակի վերանորոգվել են Գառնիկյան թաղամասի բնակելի շենքերի տանիքները, իսկ փողոցն ապահովվել է գիշերային լուսավորությամբ (990.0 հազ. դրամ), փոխվել է Նաիրյան թաղամասի 7-րդ շենքի տանիքի դիմային հատվածը (990.0 հազ. դրամ), ներհամայնքային ճանապարհների առավել անմխիթար հատվածներում կատարվել են փոսալցման, խճապատման, հողային հարդարման աշխատանքներ (990.0 հազ. դրամ), մասնակի վերանորոգվել է համայնքի գիշերային լուսավորման ցանցը (220.0 հազ. դրամ), ինչպես նաև Հոկտեմբերյան փողոցի ջրահեռացման ցանցը (206.0 հազ. դրամ):

Ակնալիճ համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև 2019 թվականի համար նախատեսված աշխատանքներին` ընդգծելով, որ նախատեսել են 20-25 մլն դրամի շրջանակում իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ, նույն հատվածում փոխել նաև խմելու ջրագիծը, Նաիրյան թաղամասն ապահովել գիշերային լուսավորությամբ, փոխել այդ թաղամասի 7-րդ բազմաբնակարան շենքի տանիքը, գազաֆիկացնել Գրիգոր Լուսավորիչ փողոցը, ցանկապատել մշակույթի տունը, փոխել փողոցների առավել անմխիթար հատվածների ոռոգման ջրագծերը, կատարել ներհամայնքային ճանապարհների փոսալցում և մանկապարտեզի բակում կառուցել բացօթյա տաղավարներ:

Ամփոփելով Ակնալիճ համայնքի ղեկավարի 2018 թվականի գործունեությունը ներկայացնող հաշվետու նիստը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նման ձևաչափով համայնքապետերի հաշվետվողականության ապահովումը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ գործընթացը պետք է կրի պարբերական բնույթ, իսկ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությանը բանկիչները, շահագրգիռ բոլոր անձինք պետք է ծանոթ լինեն մինչև համապատասխան նիստերի հրավիրումը` առավել հասցեական հարցադրումներ անելու համար:

Մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վրա` հորդորելով ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների ապահովմանը, որով պայմանավորված են նաև պետական աջակցությամբ համայնքներում իրականացվող ներդրումները: Նա մանրամասներ է ներկայացրել սուբվենցիաների տրամադրման նորացված կարգի վերաբերյալ` տեղեկացնելով, որ առաջիկայում համաժողով է նախատեսվում, որտեղ համայնքների ղեկավարներին և տնտեսական պատասխանատուներին մանրամասն կներկայացվի սուբվենցիաների հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման ընթացակարգը։

Բոլոր ոլորտներում ցանկալի արդյունք գրանցելու համար մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է համագործակցված աշխատանքը և սրտացավ վերաբերմունքը կատարվող գործի նկատմամբ` վստահեցնելով, որ պատրաստ է պետությանը դարձնել գործընկեր համայնքներին և հասնել մարզում առաջնային համարվող խնդիրների լուծմանը:

Հաշվետու նիստն ավարտվել է հարց ու պատասխանով, որի ընթացքում մարզպետը ակնալիճցիներին պարզաբանումներ է ներկայացրել ներհամայնքային տարաբնույթ հարցերի շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08