Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Էներգետիկայի և շրջակա միջավայրի ծրագրերի ղեկավարին

06.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Էներգետիկայի և շրջակա միջավայրի ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանին և գործակալության կողմից իրականացվող Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում (ԳԱՏՕ) և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության ծրագրի ղեկավարին, պիլոտային ծրագրերի համակարգողին` այլ աշխատակիցների հետ միասին:

ԱՄՆ ՄԶԳ Էներգետիկայի և շրջակա միջավայրի ծրագրերի ղեկավարը մարզպետին է ներկայացրել Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում այժմ ԳԱՏՕ ծրագրի շրջանակում իրականացվող ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 120 հազ ԱՄՆ դոլար:

Տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիման վրա ԳԱՏՕ ծրագրի տեխնիկական թիմը նշված համայնքներում իրականացնելու է ցանցի վերանախագծում և վերակառուցում, բաժանորդների ներտնտեսային խողովակագծերի փոխարինում և ջրաչափերի տեղադրում, որի համար համայնքի կողմից պետք է գնվեն ու տեղադրվեն ջրաչափեր և ծառայության մատուցման պայմանագրեր կնքվեն տնային տնտեսությունների հետ: Ծրագրով նախատեսվում է նաև նոր քլորակայանի, ինչպես նաև ջրասույզ պոմպի և կառավարման վահանակների նախագծում, գնում և տեղադրում՝ ապահովելու պոմպի ուղղակի միացումը ցանցին, որի արդյունքում կլուծվի ցանցում ճնշման հարցը և կվերացվի ջրի աշտարակի կառուցման կամ նորոգման անհրաժեշտությունը:

Ըստ ծրագրի պատասխանատուների` առաջարկվող լուծումները, ի վերջո, կբերեն ջրի և էլեկտրաէներգիայի էական խնայողության և ջրամատակարարման ծառայության ծախսածածկման մակարդակի բարձրացման և ջրամատակարարման գրաֆիկի բարելավման:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին է ներկայացվել նաև 2018 թվականից «Արմավիրի ֆերմեր» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի ստեղծման» ծրագիրը, որով կառուցվում է ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոն: Այն հանդիսանալու է փորձարարական բազա` ժամանակակից, տարբեր ակվակուլտուրայի տեխնոլոգիաները, մեթոդները փոքր մասշտաբներով փորձարկելու, արդյունավետությունը ստուգելու և ցուցադրելու համար: Ծրագիրն իրականացվում է «Արմավիրի ֆերմեր» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Կարևորելով ԱՄՆ ՄԶԳ կողմից մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը` մարզպետը հավաստիացրել է, որ պատրաստ է համագործակցելու կազմակերպության հետ և իր լիազորությունների շրջանակում աջակցելու ընթացիկ խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49