Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը

18.03.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և համայնքների ղեկավարները:

Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Սամվել Տոնոյանին և Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների նորանշանակ պետերին համապատասխան պաշտոններում նշանակվելու կապակցությամբ` նրանց մաղթելով բարի ծառայություն: Մարզպետը շնորհավորել է նաև փետրվարի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վերընտրված համայնքապետերին` նրանց մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն` ի նպաստ համայնքների զարգացման:

Այնուհետև հաստատված օրակարգային հարցերի շրջանակում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հանդես է եկել գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքը ներկայացնող զեկույցով` մասնավորապես նշելով, որ այդ ուղղությամբ պատկան մարմինները և գյուղացիական տնտեսությունները համապատասխան քայլեր են ձեռնարկել դեռ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ առաջնորդվելով մարզի զարգացման գերակա ուղղություններով, առաջնահերթ խնդիրներով և մշակելով դրանց լուծմանն ուղղված համապատասխան ծրագրեր:

Նրա խոսքով` վերջին տարիներին գարնանային հրատապ աշխատանքների իրականացման շրջանակներում մարզում առաջնային է համարվում գետերի գարնանային հեղեղումների դեմ տարվող աշխատանքների կազմակերպումը: Այդ նպատակով մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է մարզի տարածքով հոսող Արաքս, Քասախ, Մեծամոր գետերի հեղեղատարների ափապատնեշների փաստացի վիճակը, առաձնացրել առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները և ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարություններ:

Անդրադառնալով կոլեկտորոդրենաժային համակարգի անխափան գործունեության կարևորությանը և դրա ապահովմանը` Արթուր Այվազյանը նշել է, որ մարզի 7 համայնքում` Ակնաշեն, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Զարթոնք, Արևիկ և Մարգարա, նախատեսված է մաքրել 43,561 կմ երկարությամբ բաց դրենաժային համակարգ:

Մարզում գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման շարքում գյուղատնտեսության ոլորտի մարզային պատասխանատուն առաջնային է համարել նաև ոռոգման համակարգերի մաքրումը և վերանորոգումը` համակարգը սպասարկողներին և ջրօգտագործողներին առաջարկելով առավել կազմակերպված ու բարեխղճորեն կատարել իրենց գործառույթները, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ օգտագործել ոռոգման ջուրը, իսկ կորուստները հասցնել նվազագույնի:

Ներկայացնելով ջերմատների կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները` Արթուր Այվազյանը նշել է, որ հունվար ամսին ջերմոցային տնտեսությունները տորֆ են ներկրել, ձեռք են բերել անհրաժեշտ քանակությամբ բանջարանոցային մշակաբույսերի սերմացու, կարտոֆիլի տնկանյութ, ինչպես նաև բազմամյա տնկարկների համար արմատակալներ և տնկիներ: Ըստ նրա` այժմ մարզում ավարտվել են ապակյա և պոլիէթիլենային թաղանթի տակ ջերմատնային տնտեսություններում ելակի, բանջարեղենի տարբեր տեսակների ցանքի և սածիլների աճեցման աշխատանքները:

Անդրադառնալով ոլորտին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերին և միջոցառումներին` մարզի գյուղոլորտի պատասխանատուն հավաստիացրել է, որ կառավարությունը կուրս է վերցրել հնարավորինս ամեն ինչ անելու ազգաբնակչության պահանջը տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքներով ապահովելու ուղղությամբ` պակասեցնելով գյուղմթերքների ներկրումը և ավելացնելով արտահանման ծավալը: Նա ներկայացրել է նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով իրականացվող ավելի քան 8 ծրագիր` առաջարկելով համայնքապետերին դրանք հասանելի դարձնել ազգաբնակչության շրջանում և օգտվել ընձեռված հնարավորություններից:

Մարտի 1-ի դրությամբ ներկայացնելով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 376720.6 հազար դրամ, կատարողականը տարեկան պլանի նկատմամբ եղել է 12.4% տոկոս: Ըստ նրա՝ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2018 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված 287769.3 հազար դրամի համեմատությամբ աճել է 88951.3 հազար դրամով կամ 30.9%-ով:

Անդրադառնալով օրակարգային հարցին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է համայնքապետերի հետ ունեցած կարճատև համագործակցության և նրանց բարեխիղճ աշխատանքի արդյունքում սեփական եկամուտների հավաքագրման աճը` ընդգծելով, որ հավաքագրումների բարձր մակարդակը կնպաստի համայնքներում առաջնային համարվող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը չապահոված համայնքապետերին էլ մարզպետը կոչ է արել բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում և հնարավորինս կարճ ժամկետում բարելավել հավաքագրումների մակարդակը:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է նաև համայնքներում աշխատավարձերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ մարտի 15-ի դրությամբ աշխատավարձի պարտք ունի թվով 14 համայնք, և այն կազմում է 14563 հազար դրամ:

2019 թվականի Արմավիրի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման հայտերի ներկայացմանը և հետագա ընթացքին է անդրադարձել մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը` ընդգծելով, որ գործընթացն իրականացվել է համաձայն կառավարության 2019 թվականի համապատասխան որոշմամբ հաստատված սուբվենցիաների տրամադրման նոր կարգի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականի:

Լիլիթ Մուշեղյանը տեղեկացրել է, որ համապատասխան կարգով սահմանված ժամկետում ավարտվել է գործընթացի առաջին փուլը. Համայնքապետարանների հետ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքում Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացրել 40 համայնքից ստացված 44 ծրագրային հայտ և տեխնիկական բնութագիր: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտերը ներկայացրել է ոլորտային պետական կառավարման մարմինների քննարկմանը, որի արդյունքում ստացված դիրքորոշումը և դիտողությունները 1 աշխատանքային օրվա ընթացքում բաժինը կներկայացնի համապատասխան համայնքներին:

Անդրադառնալով ծրագրի իրականացման երկրորդ փուլին` զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրել է, որ այն կտևի 30 աշխատանքային օր, որի ընթացքում կսկսվի համայնքների սուբվենցիայի ամբողջական փաթեթների կազմումը և ներկայացումը: Ներկայացնելով կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պարտադիր փաստաթղթերի ցանկը` Լիլիթ Մուշեղյանը հավելել է, որ ամբողջական փաթեթները ստանալուց հետո, մարզպետարանը 3 աշխատանքային օրվա ընթացքում կստուգի կարգի դրույթներին համապատասխանությունը և ֆինանսական ցուցանիշների մասով առարկություններ չունենալու դեպքում մինչև սույն թվականի մայիսի 15-ը կներկայացնի ՏԿԶ նախարարություն: Նախարարությունում ստուգված և լրամշակված փաթեթները, սահմանված ժամկետում կներկայացվեն ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջ¬գե¬րատեսչական հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերի մասին նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում կտեղեկացնի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով կազմակերպել գնման մրցակցային գործընթացը:

Օրակարգային վերջին հարցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանը անդրադարձել է 2019 թվականի մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին և աղբահանության դիմաց գանձվող վճարումների ու կատարվող ծախսերի համամասնությանը` մասնավորապես նշելով, որ համայնքների կողմից շաբաթօրյակի իրականացման համար մարդկային և տրանսպորտային ռեսուրսների վերաբերյալ հավաքագրված տեղեկության համաձայն նախատեսվում է, որ շաբաթօրյակին կմասնացի 15000 մարդ և 217 միավոր տեխնիկա: Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շաբաթօրյակի աշխատանքները վերահսկելու նպատակով մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից կատարվել է մարզպետարանի աշխատակիցների բաշխում` ըստ համայնքների:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը, անդրադառնալով աղբահանության վճարների հավաքագրմանը, նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրվել է 35,6 մլն դրամ, կամ 2 մլն դրամ պակաս է հավաքագրվել: Իսկ նույն ժամանակահատվածի համար աղբահանության և սանիտարական մաքրման ծախսերը կազմել են 73.6 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81.8 մլն դրամի փոխարեն կամ 90%:

Անդրադառնալով օրակարգային հարցին` փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը համայնքապետերին մանրամասներ է ներկայացրել շաբաթօրյակի վերաբերյալ` հորդորելով հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավել նախատեսվող գործընթացում, իսկ ընթացիկ խնդիրների դեպքում դիմել մարզպետարան: Նա հորդորել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել միջհամայնքային, միջմարզային և միջպետական նշանակության ճանապարհների, պատմամշակութային հուշարձանների, զբոսայգիների, պուրակների, հանրային նշանակության շենքերի և կանաչապատ այլ տարածքների մաքրմանը:

Մարզխորհրդի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև Արմավիրի մարզի Եղեգնուտ և Արշալույս համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերը,որոնք ամփոփելուց հետո մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզխորհրդի նիստը հայտարարել է ավարտված:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36