Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը

18.03.2019

 ՀՀ Արմավիրի մարզպետ  Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետը շնորհավորել է կին գործընկերներին մարտի 8-ից ապրիլի 7-ը շարունակվող կանանց մեկամսյակի կապակցությամբ` ցանկանալով ամենայն լավն ու բարին:

Այնուհետև Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է մարզի դպրոցներում ջեռուցման խնդրի լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին` փաստելով, որ Արևադաշտի, Թաիրովի, Երասխահունի և Շահումյանի միջնակարգ դպրոցներն արդեն ապահովվել են ջեռուցման համակարգով, իսկ Արտաշարի, Լուսագյուղի և Արագածի միջնակարգ դպրոցներում այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Անդրադառնալով դպրոցաշինությանը` մարզպետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբեր ամսին ընդունած որոշմամբ Փարաքարի, Պտղունքի, Մրգաշատի և Ջրարբիի միջնակարգ դպրոցներն ընդգրկվել են սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցի ցանկում և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ապահովվելու է դրանց վերակառուցումը կամ նորերի կառուցումը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ Տալվորիկի և Լեռնամերձի հիմնական, Բագարանի, Արգինայի և Երվանդաշատի միջնակարգ դպրոցներն ընդգրկվել են <<Ապահով դպրոց>> ծրագրում:

Համբարձում Մաթևոսյանը տնօրենների ուշադրությունը հրավիրել է Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի կողմից մարզի մի քանի դպրոցներում բացահայտված չարաշահումների վրա` ընդգծելով. <<Երբ իրավապահ մարմինների կողմից գրություն եմ ստանում դպրոցներում տեղ գտած չարաշահումների մասին, այդ պահից համարեք, որ դադարեցվում են մեր գործընկերային հարաբերությունները: Դուք ձեր իրավունքները, իհարկե, կարող եք պաշտպանել դատարանում, բայց իմացեք, որ մարզպետարանը, որպես լիազոր մարմին, անընդունելի է համարում նման աշխատելաոճը>>:

Նա ևս մեկ անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը դրամահավաքների նկատմամբ` շեշտելով, որ անկախ հանգամանքներից դպրոցներում պետք է բացառել դրամահավաքությունը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է նաև Ջրառատի, Ջրարբիի, Հայկաշենի և Արտամետի միջնակարգ դպրոցների լիցենզավորման հարցին` համապատասխան պաշտոնյաներին հանձնարարելով զբաղվել խնդրի կարգավորմամբ:

Անդրադարձ է եղել նաև սպորտային և մշակութային խմբակներին դպրոցից տարածք տրամադրելու հարցին, որի առնչությամբ մարզպետը հանձնարարել է գործընթացը իրականացնել օրենքով սահմանված կարգով, իսկ հատկացնելու դեպքում համաձայնեցնել մարզպետարանի հետ:

Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորմանը, տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակմանը, դպրոցներում առկա ուռճացված հաստիքների վերանայմանը և դրանով պայմանավորված աշխատավարձերի հնարավոր բարձրացմանը:

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարտի 23-ին նախատեսվող շաբաթօրյակին, ներառական կրթության ծրագրում ընդգրկվող երեխաների կարիքնեի գնահատմանը, դպրոցներում <<Տաք սնունդ>> ծրագրի իրականացմանը, ինչպես նաև մարզի դպրոցներում <<Արմաթ>> ինժեներական լաբորատորիայի հիմնմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27