Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

15.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների, ոստիկանության ծառայողների և հյուրերի հետ Արմավիրի մշակույթի տանն այսօր ներկա է գտնվել Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Ողջունելով տոնական օրվան նվիրված միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով ոստիկանության համակարգի աշխատակիցներին, վետերաններին մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ, մարզպետն ասել է. <<Կազմավորվելով 20-րդ դարի սկզբին՝ արդեն մեկ հարյուրամյակ է Ոստիկանության համակարգը ծառայում է պետությանն ու ժողովրդին, հասարակության անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության գործին: Եվ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի դեմս ոստիկանության, ունի կայացած և ամուր պետական կառույց, որը արժանապատվորեն և լիարժեք իրականացնում է իր առաքելությունը:

Միևնույն ժամանակ չենք կարող չարձանագրել, որ վերջին շրջանում` հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, առավել ակնհայտ են դարձել համակարգում տեղի ունեցող բարեփոխումները և դրական առաջընթացը, որի արդյունքում ամրապնդվել է նաև ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը: Այդ վստահության, ոստիկանի հանդեպ դրական վերաբերմունքի մասին է վկայում նաև մեր օրերում հաճախ հնչող <<ոստիկանը մերն է>> արտահայտությունը, որը, ըստ իս, ամենաբարձր գնահատականն է ձեր պատասխանատու աշխատանքին:

Այս ամենով հանդերձ` մի բան կարող ենք փաստել, որ նոր Հայաստանի կերպարի ձևավորման կարևոր բաղադրիչ է դարձել նաև ոստիկանը: Եվ ես ցանկանում եմ, որ ոստիկանի մերօրյա կերպարը միանգամայն արդարացնի հասարակակության պահանջներն ու ակնկալիքները, և գա այն օրը, երբ մենք վստահորեն կբարձրաձայնենք, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկիրն է:

Հարգելի ոստիկաններ,
Թույլ տվեք կրկին շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետոթյան և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի>>:

Ամփոփելով իր խոսքը` մարզպետն Համբարձում Մաթևոսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը` սերտ համագործակցության և մարզում լարված օջախները հանդարտեցնելու ու հասարակական կարգը պահպանելու համար: Նա թվարկել է համագործակցված աշխատանքի արդյունքում մարզում բարեհաջող իրականացված միջոցառումները` մատնանշելով Ազգային ժողովի, մարզում տեղի ունեցած երկու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ուսումնավարժությունները` հատկապես կարևորել ութ համայնքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից իրականացված իրավաչափ գործողությունները, որոնք բերել են ողջամիտ լուծումների:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում մասնագիտական անբասիր ծառայության համար և Ոստիկանության օրվա կապակցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրել է համակարգի մի խումբ աշախատակիցների:

Ոստիկանության օրվան նվիրված միջոցառումն ամփոփվել է տոնական համերգով, որի ընթացքում օրվա խորհուրդը լրացնող կատարումներով հանդես են եկել Արմավիրի N8 հիմնական դպրոցի աշակերտները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57