Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մեխակ Մեխակյանի զոհվելու 25-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին

01.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր ներկա է գտնվել <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանի ասպետ, <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> մեդալակիր, <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանակիր, փոխգնդապետ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին, որը տեղի է ունեցել հերոսի անունը կրող Արագածի միջնակարգ դպրոցում:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին` Մեխակ Մեխակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին, ասել է. <<Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվելու հավերժի ճամփորդ Մեխակ Մեխակյանի մահվան տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին և իմ խոնարհումը հայտնելու նրա հիշատակին։

Այսօր խորը վշտով և մեծ հպարտությամբ փաստում ենք, որ 20-րդ դարի վերջին, երբ վտանգված էին հայրենի երկրի սահմանները, երբ դրված էր ազգային արժանապատվության հարցը, նմանօրինակ հերոսների շնորհիվ վերստին զորացավ հայի մարտական ոգին, ամրագրվեց կուռ միասնությունն ու հաղթելու կամքը, որի արդյունքում մեզ պարտադրված Արցախյան ազատագրական պատերազմը դարձավ մեր նորօրյա պատմության հերոսական էջերից մեկը: Ցավոք, մեզ հաղթանակի հպարտություն պարգևողներից շատերն անմահացան: Եվ այդ անմահների շարքում իր անունը թողեց նաև Մեծ հայրենասերը` Մեխակ Մեխակյանը։

Արհամարհելով մահը՝ նա Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, գիտակցված գնաց սուրացող գնդակների, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ՝ կանգնեցնելու պատերազմի մահաբեր ընթացքը։ Եվ դա նրան հաջողվեց ամենաթանկ ճանապարհով՝ կյանքով, որն ընդհատվեց 1994 թվականի մայիսի 1-ին` Թալիշի բարձունքներից մեկում։ Իսկ պատմության մեջ ամրագրվեց մի փաստ, որ եթե չլիներ Մեխակ Մեխակյանի  հաստատակամությունը և անձնազոհ նվիրումը, թերևս հնարավոր չլիներ պահել Թալիշի վերջին բարձունքից մինչև Մարտակերտի դաշտային հատվածը ձգվող լեռնաշղթան:

Ինչ խոսք, կարճ, սակայն իմաստալից ու հերոսական կյանքով ապրեց Մեխակ Մեխակյանը` դարձավ այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, ովքեր ապրում են նաև մահվանից հետո և իրենց ապրած ամեն մի օրով սերունդներ կրթում ու հայրենասիրության դասեր տալիս։

Հավերժ փառք քեզ հերոս, որ քո կյանքը զոհեցիր հանուն անկախ ու պաշտպանված Հայրենիքի, մեր խաղաղ առավոտների>>։

Միջոցառման ընթացքում բեմադրվել է Արմեն Դալլաքյանի` Արցախյան ազատագրական և Ապրիլյան քառօրյա պատերազմներին նվիրված <<Մատաղիս>> ներկայացումը: Այնուհետև կրթօջախի սաները ներկայացրել են Մեխակ Մեխակյանի կենսագրությունն ու մարտական փառահեղ ուղին` այդ ամենը զուգորդելով հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով:

Հուշ-ցերեկույթի ավարտից հետո մարզպետը միջոցառման մասնակիցների հետ այցելել է Արագած գյուղի բարձունքում գտնվող Մեխակ Մեխակյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08