Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ Արգավանդ համայնքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ

06.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արգավանդ համայնք՝ մասնակցելու խորքային հորի գործարկմանը, մարզագույքով հագեցած մարզադահլիճի և հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը:

Արգավանդում մարզպետը նախ մասնակցել է համայնքի ոռոգման խորքային հորի գործարկմանը, որի վերականգնումը և հոսանքագծի կառուցումն իրականացվել է պետական աջակցությամբ՝ 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10 մլն 650 հազար դրամ, որից 5 մլն 650 հազար դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, իսկ 5 մլն դրամը համաֆինանսավորվել է համայնքային բյուջեից: Ծրագրի արդյունքում այսուհետ 200 հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արգավանդ համայնքի մշակույթի տուն, մասնակցել նոր գույքով համալրված մարզադահլիճի բացմանը: Համայնքապետ Արշավիր Աղաջանյանը մարզպետին տեղեկացրել է, որ 160 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մարզադահլիճը հիմնանորոգվել և մասամբ կահավորվել է երկու տարի առաջ` «Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվել է նաև համայնքապետարանի և համայնքը ներկայացնող գործարարի կողմից: Եռակողմ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրի համար ներդրվել է 1 մլն 300 հազար դրամ: 3000 ԱՄՆ դոլարի հասնող նոր մարզական գույքն էլ մարզադահլիճին նվիրաբերել է համայնքի բնակիչ Կամսար Ղամբարյանը:

Արգավանդ համայնք կատարած այցի շրջանակում մարզպետը մասնակցել է նաև ամբողջությամբ հիմնանորոգված և կահավորված մանկապարտեզի բացմանը, որն իրագործվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 75 մլն դրամ ֆինանսավորմամբ և համայնքի 6 մլն համաֆինանսավորմամբ։ Մանկապարտեզի գույքի ձեռքբերման հարցում աջակցություն է ցուցաբերվել նաև մի շարք բարերարների կողմից:

Ողջունելով Արգավանդ համայնքի բնակիչներին և շնորհավորելով համայնքի կյանքում կարևոր իրադարձություններով հագեցած օրվա կապակցությամբ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ծրագրերի իրականացման բոլոր կողմերին և մասնակիցներին` ընդգծելով երեք ոլորտների կարևորությունը և կենսական նշանակությունը համայնքի կյանքում:

Այնուհետև համայնքապետի ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ավելի քան 60 երեխայի կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին:

Հավելենք, որ Արգավանդի համայնքապետարանը 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքապետարանի շենքը վերանորոգելու նպատակով հերթական հայտն է ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո հայտը ՀՀ պետական բյուջեից կհամաֆինանսավորվի մրցութային փուլի արդյունքներով հաստատված հայտի ընդհանուր գումարի համապատասխան տոկոսի չափով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49