Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրեններին

23.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրեններին` քննարկելու ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները:

Ողջունելով Վեոլիա Ջրի պատասխանատուներին` մարզպետը նշել է, որ պատրաստ է համագործակցության, որպեսզի ընկերության սպասարկման տակ գտնվող մարզի 32 համայնքում ջրամատակարարման համակարգի հետ կապված խնդիրներին հնարավորինս օպերատիվ և արդյունավետ լուծում տրվի: Նա ներկայացրել է համապատասխան համայնքներում մարզպետարանի կողմից արձանագրված մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ` առաջարկելով հնարավորության դեպքում օժանդակել դրանց կարգավորմանը:

«Վեոլիա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրենները` որպես վարձակալ կազմակերպություն, ներկայացրել են ընկերության գործունեության իրավական շրջանակները` նշելով 15 տարվա համար պայմանագրային պարտավորություններով սահմանված ներդրումների չափը, իրականացված և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև պետության մասնակցությունը ջրամատակարարման ենթահամակարգերի ստեղծման գործում: Այդուհանդերձ պատրաստակամություն են հայտնել համայնքապետարանների հետ համատեղ ուժերով և համագործակցված աշխատանքի արդյունքում փորձել լուծում տալ առկա խնդիրներին:

Ջրի որակի մասով էլ հավստիացվել է, որ բնակչությանը մատակարարվող ջուրը բազմիցս ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, և այն իր որակական հատկանիշներով համապատասխանում է միջազգային բոլոր նորմերին, իսկ ջրի համը պայմանավորված է ջրային ռեժիմի խախտմամբ: Միաժամանակ տեղեկացվել է, որ սույն թվականին Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում ընկերության միջոցներով փոխվելու է 4.5 կմ ջրագիծ, իսկ Վաղարշապատի տարածաշրջանում` կոյուղագիծ, որի համար նախատեսված է 70 մլն դրամ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքային սեփականություն հանդիսացող ջրատար համակարգերը համապատասխան գործընթացների ապահովման արդյունքում տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկմանը` ջրամատակարարումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Նշենք, որ սպառողների դիմում-բողոքներին ու առաջարկություններին արագորեն արձագանքելու համար համակարգում «Թեժ գծի» սկզբունքով գործում է 1-85 հեռախոսային կենտրոնը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49