Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում` <<Ծնողները դիմել են վարչապետին. <<Արմավիրի մարզպետն անցնում է բոլոր սահմանները>> հոդվածի առնչությամբ

18.07.2019

<<Հետաքննող լրագրողներ>> հասարակական կազմակերպության <<Հետք>> թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին հրապարակվել է <<Ծնողները դիմել են վարչապետին. <<Արմավիրի մարզպետն անցնում է բոլոր սահմանները>> վերտառությամբ հոդված, որի առնչության ՀՀ Արմավիրի մարզպետարանը հարկ է համարում տեղեկացնել, որ հոդվածում տեղ գտած փաստերն իրենց բնույթով չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝ <<Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի նախագահի գործողությունների վերլուծության գրության մեջ մեր կողմից հղում է կատարվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ոչ թե 1801-րդ հոդվածին, այլև 180.1 հոդվածին համաձայն որի` այո, ձեռք բերված փաստական տվյալների համաձայն <<Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի նախագահ Հ. Հակոբյանի կողմից թույլ են տրվել նշված հոդվածով նախատեսված վարչական զանցանքի հատկանիշ պարունակող գործողություններ, որի առթիվ էլ մեր կողմից նախապատրաստվում են համապատասխան նյութեր նշված իրավախախնմանը վարչաիրավական գնահատական տալու և ՀՀ օրենսդրության պահանջն ապահովելու համար, քանի որ ՀՀ Սահմանդրության 28-րդ հոդվածի պահանջների համաձայն` բոլորը հավասար են օրենքի առջև:

<<Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 2019 թվականի մայիսի 15-ին հայտարարված մրցույթին, որպես հավակնորդ, Մաշա Իվանյանը եղել է տնօրենի պաշտոնակատար, այլ ոչ թե դպրոցի տնօրեն:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ: Իսկ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի դրույթների համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Նշված նորմերի պարտադիր կիրառման արդյունքից հետևում է, որ փակ քվեարկությունը դպրոցի կառավարման խորհրդի անդամի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը և նրա կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Հետևաբար, որպես կարծիք հայտնած և հրապարակային տեղեկատվություն ներկայացված այն հանգամանքը, որ <<եղել են ուղղորդված ընտրություններ և Մաշա Իվանյանին դեմ են քվեարկել խորհրդի այն անդամները, որոնք ներկայացնում են պետական մարմինները և Արմավիրի քաղաքապետարանը, իսկ ծնողների ներկայացրած մեկ թեկնածուն դեմ է քվեարկել վերջին պահին՝ ճնշման ազդեցության տակ>> դիտվում է որպես վերոնշյալ իրավական ակտերի պահանջների կատարման խախտում: Ավելին՝ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` նշված մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պարտադրի մասնակցությամբ, ում կողմից էլ ներկայացվել է համապատասխան եզրակացություն, որում արձանագրվել է, որ մրցույթը և ընտրությունը տեղի են ունեցել սահմանված կարգի պահանջներին համապատասխան և կարգի խախտման դեպքեր չեն գրանցվել:

Հոդվածում տեղ գտած <<ժամանակի սղության պատճառով հեռախոսով տեղեկացրել են Օ. Պետրոսյանին, վերջինս չի եկել, այնուհետև նամակ են ուղարկել:>> մեկնաբանությունը արժանահավատ գնահատական չէ, քանի որ Օքսաննա Պետրոսյանը, որպես ծնողական խորհրդի անդամ, չի մասնակցել ծնողական խորհուրդի կողմից կազմակերպված նիստին` իրազեկված չլինելու պատճառով, որը հիմնավորվել է նրա կողմից 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ Արմավիրի մարզպետին ներկայացված դիմումով: Եվ ավելին՝ Օ. Պետրոսյանը չի իրազեկվել նաև դրա արդյունքների մասին, մինչդեռ՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը: Եվ որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով: Իսկ <<ժամանակի սղությունը>> պատճառ չի կարող հանդիսանալ ՀՀ օրենսդական պահանջները չկատարելու, կամ ոչ պատշաճ իրականացնելու համար:
ՀՀ Արմավիրի մարզպետի հասցեին, հոդվածում տեղ գտած, դպրոցի ծնողական խորհրդի անդամների կողմից հնչեցված ոչ պատշաճ բառերով և արտահայտություններով կարծիքները, որպես անհարգալից վերաբերմունք, մեր կողմից կքննարկվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի դրույթներին համապատասխան՝ դրանք որակելով (դիտելով) որպես անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգ և համաձայն որի պահանջների՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Իսկ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Իսկ ՀՀ Սահամանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

<<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով, ՀՀ մարզպետների պաշտոնը համարվելով որպես պետական վարչական պաշտոն, կոչված է ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարզպետին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Իսկ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած << դպրոցի տնօրենը չարաշահումներ է թույլ տվել:>> արտահայտությանը, ապա հարկ է համարվում նշել, որ դեռևս 2019 թվականի հունիսի 25-ին, որպես մեկ այլ հրապարակված հոդվածի պարզաբանում, ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջում հրապարակավել էր համապատասխան տեղեկատվություն այն մասին, որ <<Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է թիվ 48162319 քրեական գործը: Իսկ ՀՀ քրեկան օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝ պատժվում է տուգանքով կամ կալանքով: Եվ ծնողների կողմից իրենց կարծիքով ներկայացված այն <<պահանջը>>, թե <<մարզպետը ոչ մի բան չի ներկայացնում, ասելով` ժամանակը ցույց կտա:>> ամբողջությամբ հիմնավորվում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներով:

Հոդվածում տեղ գտած ծնողների այն պարզաբանումները, որ <<Հայաստան Հակոբյանը չի եղել հավաքի կազմակերպիչը>> և <<դպրոցի ծնողական խորհրդի նախագահի նկատմամբ հալածանքներն իրականացվում են մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիանա Հարությունյանի ցուցումով>> արժանահավատ չեն, քանի որ Հ. Հակոբյանն իր գործողություններվ` և գրավոր և տեսանկարահանումով հենց ինքն է փաստել այն հանգամանքը, որ <<ես ինքս եմ այդ ակցիան կազմակերպել>> և ավելին` 2019 թվականի մայիսի 16-ին թե մարզպետի տեղակալի, և թե մարզպետի հետ հանդիպման ժամանակ ինքն է ներկայացել որպես կազմակերպիչ: Իսկ <<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն` հանձնարարականներ և ցուցումներ տալիս է ենթակա պետական մարմնի ղեկավարը: Հետևաբար ՀՀ Արմավիրի մարզպետարանում բացառապես ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում հանձնարարականներ և ցուցումներ տալիս է ՀՀ Արմավիրի մարզպետը, իսկ Լիաննա Հարությունյանը հանդիսանալով որպես քաղաքացիական ծառայող` սահմանված կարգով պարտավոր է կատարելու իրեն տված հանձնարարականները և ընդունած որոշումները:

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած այն մեկնաբանմանը, թե <<մարզպետն է հորդորել փոխտնօրեններին առաջադրելու իրենց թեկնածությունը>>, ապա հայտնվում է, որ մարզպետի կողմից երբևէ որևէ դպրոցի տնօրենի հավակնորդի հորդոր չի ներկայացվել թեկնածություն առաջադրելու և հայտարարված մրցույթներին մասնակցելու համար:

Հ.Գ. <<Հետաքննող լրագրողներ>> հասարակական կազմակերպության <<Հետք>> թերթի էթիկայի կանոնակարգի համաձայն` <<Հետաքննող լրագրողներ>> հասարակական կազմակերպության և <<Հետք>> թերթի լրագրողները պարտավոր են ցանկացած պարագայում հրապարակել միայն հավաստի և ստուգված տեղեկատվություն:

ՀՀ Արմավիրի մարզպետարան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36