Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ այցելել է համայնքներ

06.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել են Տալվորիկ համայնքում չրի արտադրությամբ զբաղվող «Նոյի Այգիներ» եւ Արաքսի «Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերություններ, ապա` Մրգաշատ համայնք:

«Նոյի Այգիներ» չրագործական ընկերության պատասխանատուն հյուրերին ներկայացրել է իրենց 10-ամյա գործունեությունը, որի ընթացքում շուրջ 60 հա հողատարածքի վրա հիմնվել է պտղատու այգի, չրի արտադրամաս, որտեղ վերջին երեք տարվա ընթացքում վերամշակվում և հայաստանյան ու արտասահմանյան շուկայում լայն սպառում է ապահովում էկոլոգիապես մաքուր եւ բարձր որակով հայկական չրերի տեսականին:

«Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերություն այցելության ընթացքում էլ մարզպետը եւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթացել են 2014 թվականից արտադրվող «Ոսկենի» գինու նախապատմությանը եւ ընկերության հիմնական գործունեությանը: Նշվել է, որ գինիները պատրաստվում են հիմնականում հին հայկական խաղողի Արենի եւ Ոսկեհատ տեսակներից, իսկ Ոսկենի անունն առաջացել է Արենի եւ Ոսկեհատ անունների միախառնումից: Ոսկենին այժմ իրացվում է ոչ միայն հայաստանյան շուկայում, այլեւ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ եվրոպական մի շարք երկրներ: Մինչեւ տարեվերջ նախատեսում են արտահանել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Ընկերությունում տարեցտարի ավելանում է գինու արտադրության ծավալը: Իսկ ավանդական կարմիր եւ սպիտակ գինիներին արդեն ավելացել է նոր վարդագույն գինին՝ նուրբ «Սիրո Ռոզեն»:

«Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերություն կատարած այցի շրջանակում մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ընտանեկան բիզնեսի հիմնադիրների հետ քննարկել է Արաքս համայնքից դեպի ընկերություն տանող ճանապարհահատվածի նորոգման եւ ընկերությանը պատկանող 22 հա խաղողի այգիների ոռոգման արդյունավետ կազմակերպման հարցերը: Մարզպետը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը` նշված խնդիրները եւ ընթացիկ բնույթի մի շարք այլ հարցեր լուծելու համար, որոնց արդյունքում ընկերությունը գործունեություն կծավալի առավել նպաստավոր պայմաններում:

Համբարձում Մաթեւոսյանի և Զարեհ Սինանյանի շրջայցն ամփոփվել է Մրգաշատ համայնքում: Նրանք այցելել են Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի, մշակույթի տուն եւ գրադարան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով համայնքի 8-րդ փողոցը 5-րդ փողոցի հատման կետից մինչև 6-րդ փողոցի հատման կետը եւ հուշարձանի հարակից տարածքը ասֆալտապատելու ու բարեկարգելու աշխատանքներին, որոնց իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 9 մլն 845 հազար դրամ, իսկ համայնքի համաֆինանսավորումը կազմել է 12 մլն 033 հազար դրամ:

Մրգաշատ համայնք կատարած այցի ավարտին համայնքի ղեկավարի հետ մարզպետը քննարկել է համայնքի մշակույթի տունը եւ հանդիսությունների սրահը նույն ծրագրի շրջանակում վերանորոգելու հարցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49