Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Հայկաշեն համայնքի մանկապարտեզի բացմանը

19.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Հայկաշեն համայնք, մասնակցել մանկապարտեզի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ <<Արարատ զարգացում 37>> հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Դիդիե Տիոտը, կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատուները, մեծաթիվ հայկաշենցիներ` համայնքապետի գլխավորությամբ:

Նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման եւ շահագործման ծրագիրն իրականացվել է <<Արարատ զարգացում 37>> հայ-ֆրանսիական բարգեգործական հասարակական կազմակերպության եւ համայնքապետարանի համատեղ ջանքերով: Կազմակերպությունը մանկապարտեզի վերակառուցման ծրագրի իրականացման համար ներդրել է 17 մլն ՀՀ դրամ, որի մեջ ներառված է նաեւ կառույցի ձեռք բերման գումարը: Շինարարական աշխատանքների իրականացման համար էլ 21 մլն ՀՀ դրամ հատկացրել է Հայկաշենի համայնքապետարանը: Իսկ մանկապարտեզի գույքը եւ էլեկտրասարքավորումները ձեռք են բերվել 2018 թվականի համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով` 8.75 մլն ՀՀ դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 3.34 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 5.14 մլն ՀՀ դրամ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին եւ շնորհավորելով օրվա կապակցությամբ` մարզպետը կարեւորել է մանկապարտեզի դերը երեխաների կյանքում` նշելով, որ այն ոչ միայն լուծում է երեխաների զբաղվածության հարցը, այլեւ նրանց հետագա կրթության համար առանցքային նախապայման է հանդիսանում: <<Այս մանկապարտեզ հաճախող երեխաները դառնալու են մեր ապագա իշխանավորները, բժիշկները, մանկավարժները, գյուղատնտեսներն ու այլ ոլորտների ներկայացուցիչները, ովքեր ավագ սերնդի գլխավորությամբ փորձելու են շենացնել մեր մարզն ու համայնքները>>,- իր խոսքում ընդգծել է մարզպետը:

Նա իր շնորհակալությունն է հայտնել հայկաշենցիների տարիների երազանքն իրականություն դարձրած բարեգործական կազմակերպությանը` ի դեմս <<Արարատ զարգացում 37>> հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Դիդիե Տիոտի եւ գործընկերների, համայնքապետարանին` ի դեմս համայնքի բնակչության եւ համայնքապետի, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանը` ի դեմս Արմավիրի մարզպետարանի: <<Սա համագործակցության օրինակելի ձեւաչափ է եւ կցանկանայի, որ իր դրսեւորումն ունենա նաեւ մարզի այլ համայնքներում>>,- ամփոփելով իր խոսքը` նշել է Համբարձում Մաթեւոսյանը:

Օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է ասել նաեւ <<Արարատ զարգացում 37>> հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Դիդիե Տիոտը` նշելով, որ ծրագրի իրականացման նպատակն է եղել լավ եւ հետաքրքիր կյանք պարգեւել Հայկաշեն համայնքի փոքրիկներին, որն արդարացվել է եռակողմ գործակցության արդյունքում:

Այնուհետեւ հյուրերը համայնքապետի ուղեկցությամբ շրջել են մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված նախնական պայմաններին:

Հավելենք, որ մանկապարտեզում կգործի 2 խումբ` 50 երախայի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08