Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում` գյուղատնտեսության ապահովագրության ներդրման տեղեկատվական արշավի շրջանակներում

02.10.2019

Սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող եւ ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագիրը համակարգելու է «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» հասարակական կազմակերպությունը` համագործակցելով ՀՀ կառավարության, ապահովագրական ընկերությունների եւ միջազգային դոնորների հետ:

Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման տեղեկատվական արշավի շրջանակներում Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` մասնակցությամբ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի, Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության (ԳԱԱԳ) փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանի, ագրոապահովագրության միջազգային փորձագետ Իվան Գոլովենկոյի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, համայնքապետերի եւ ծիրանի ու խաղողի այգետերերի:

Ողջունելով ներկաներին` մարզպետի տեղակալը, ելնելով մարզի առանձնահատկություններից, կարեւորել է ծրագիրի իրականացման գաղափարը` նշելով. «Տարիներ շարունակ մեր գյուղացիական տնտեսությունները մեծ վնաս են կրել բնական աղետներից` կարկուտից, քամուց, եւ չեն կարողացել վերականգնել իրենց կորուստները: Սակայն ուրախալի է, որ պետությունը գործընկեր կազմակերպությունների հետ գտել է գյուղացուն օգնելու այս տարբերակը, որը հաջաղություն կունենա ճիշտ ներկայացնելու եւ ռիսկերը ճիշտ գնահատելու դեպքում»:

Ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով հանդիպման մասնակիցներին` ԳԱԱԳ-ի փոխտնօրենը նշել է, որ տարիներ շարունակ բարձրաձայնվել է գյուղատնտեսության ապահովագրության նշանակության ու կարեւորության մասին, այն հետեւանքների, որոնք առաջանում են դրա բացակայության պատճառով, սակայն գործնական առաջին քայլն իրականացվել է բոլորավին վերջերս` ֆերմերներին բնական աղետների հետ մենակ չթողնելու նպատակով:

Ներկայացնելով ծրագրին վերաբերող մանրամասները` Նարեկ Հովակիմյանը տեղեկացրել է, որ ապահովագրությունն իրականացվելու է 6 մարզում` կամավոր հիմունքներով: Ծրագրի այս փուլում «կարկուտ ու հրդեհ» եւ «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվելու են ծիրանի եւ խաղողի այգիները: Բոլոր 6 մարզում կգործի «կարկուտ ու հրդեհ» ռիսկի ապահովագրությունը, եւ միայն Արմավիրի ու Արարատի մարզերում կապահովագրվի նաեւ «գարնանային ցրտահարում» ռիսկը:

ԳԱԱԳ-ի փոխտնօրենի խոսքով` գյուղատնտեսն իրավունք ունի որպես ապահովագրական գումար ընտրել ապահովագրական կազմակերպության կողմից առաջարկվող 5 ծածկույթներից մեկը, որով էլ պայմանավորված է լինելու ապահովագրավճարը: Ինչքան բարձր լինի գյուղատնտեսի կողմից ընտրված ծածկույթը, այնքան կբարձրանա ապահովագրական կազմակերպությանը վճարվող գումարը եւ առավելագույն հատուցման չափը։

Ըստ Նարեկ Հովակիմյանի` ապահովագրության գումարն ընտրվելու է պայմանավորված 1-5 ռիսկային գոտիներով` ծիրանի այգու համար 400 հազ. դրամից մինչեւ 1 մլն 200 հազ. դրամ, իսկ խաղողի այգու համար` 750 հազ. դրամից մինչեւ 1 մլն 800 հազ. դրամ ապահովագրությամբ: Նա ընդգծել է, որ պետությունը սուբսիդավորելու է ապահովագրական վճարը, որը գյուղատնտեսը վճարելու է ապահովագրական կազմակերպությանը։ Կարկուտից եւ հրդեհից ապահովագրելու դեպքում սուբսիդիան կազմելու է 50%, իսկ գարնանային ցրտահարումից ապահովագրելու դեպքում` 60%։ Նույն մշակաբույսի եւ տարածքի համար «կարկուտ եւ հրդեհ, «գարնանային ցրտահարությում» ռիսկերից միաժամանակ ապահովագրվելու դեպքում ապահովագրության պայմանագրով սահմանված գյուղատնտեսը կստանա 10% զեղչ։

ԳԱԱԳ-ի փոխտնօրենը տեղեկացրել է, որ կախված ապահովագրվող բերքի եւ ռիսկի տեսակից՝ հատուցման ենթակա վնասի չափը կարկուտի եւ հրդեհի դեպքում կազմում է ծիրանին եւ խաղողին հասցված վնասի մինչեւ 100%-ի չափով, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ ծիրանին հասցված վնասի 50%-ի կամ մինչեւ 100%-ի չափով եւ խաղողին հասցված վնասի մինչեւ 100%-ի չափով: Ըստ նրա` գյուղացիական տնտեսություններին հատուցումն իրականացվելու է բերքահավաքի ժամանակաշրջանում, բացառությամբ այն դեպքերի, երբ կորուստը տեղի է ունեցել ծաղկման բերքի շրջանից առաջ կամ դրա ընթացքում, ինչպես նաեւ բերքի ամբողջական կորստի դեպքում վնասը կհատուցվի անմիջապես կորստից հետո:

Ամփոփելով իր խոսքը` Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է 2020 թվականի բերքի համար ապահովագրություն գնելու ժամկետները` նշելով, որ կարկուտի եւ հրդեհի դեպքում սեպտեմբերի 30-ից մարտի 25-ն է, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ սեպտեմբերի 30-ից փետրվարի15-ը:

Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման տեղեկատվական արշավի շրջանակներում Արմավիրի մարզպետարանում կազմակերպված հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49