Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Էջմիածնի 2704-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին

08.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մեծ թվով մարզպետների, Ազգային Ժողովի պատգամավորների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների, Էջմիածնի պատվավոր քաղաքացիների, բազմաթիվ հյուրերի և քաղաքի բնակիչների հետ միասին այսօր մասնակցել է տոնական օրվա մեկնարկն ազդարարող հանդիսավոր նիստին:

Համայն հայության հոգևոր քաղաքի 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը սկսվել է Արմավիրի թեմակալ առաջնորդի օրհնության խոսքով: Հաջորդիվ օրվա առթիվ իրենց շնորհավորանքի խոսքն են հղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով Էջմիածնի անփոխարինելի դերակատարումը համայն հայության կյանքում:

Ողջունելով նիստի մասնակիցներն` Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է. «Այսօր մեզ համախմբել է մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքի մայրաքաղաքներից մեկի, մեր ազգային գոյության ամենահաստատուն ու կարևոր հիմնաքարի, համայն հայության հոգևոր քաղաքի 2704-րդ տարեդարձը, որի կապակցությամբ ի սրտե և մեծ հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս:

Ասելով Էջմիածին` հասկանում ենք աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայ ժողովուրդ և ասելով հայ ժողովուրդ` հասկանում ենք աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդ: Սա արդեն միասնական հասկացողություն և ընկալում է դարձել բոլորիս համար:

Գաղտնիք չէ նաև, որ համայն հայության հավատն իր մեջ ամբարելուց զատ Էջմիածինն իր մեջ ամբարել է նաև համաժողովրդական ուժն ու պայքարի անմար ոգին: Ասվածիս վկայությունն է Սարդարապատի հերոսամարտում, Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում և, առհասարակ, հայ ժողովրդի կյանքում վճռորոշ բոլոր ժամանակներում էջմիածնեցու և տարածաշրջանի բնակչության ունեցած կարևոր դերակատարումը:

Մեր սուրբ քաղաքը բացառիկ է նաև պատմամշակութային իր հարուստ ժառանգությամբ, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն մեր հայրենակիցների, այլև օտարերկրյա հյուրերի շրջանում: Բոլորն այստեղ հաղորդակից են դառնում հոգևոր և մշակութային մնայուն արժեքներին, որոնց փառահեղորեն իշխում են 201 պատմամշակութային հուշարձանները, ինքնատիպ ճարտարապետություն ունեցող եկեղեցիները: Եվ պատահական չէ, որ 2007 թվականից Էջմիածինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգություն քաղաքներ» կազմակերպության անդամ է:
Այսպիսով, անփոխարինելի է մեր հոգևոր քաղաքի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում և պատմության էջերում:

Հարգելի ներկաներ, սիրելի էջմիածնեցիներ, տեսնելով քաղաքի զարգացմանը միտված աշխատանքները, տարբեր ծրագրերը` կարող ենք արձանագրել, որ դարերի խորքից իր ճամփան հարթած հնամյա Էջմիածին քաղաքը հաստատուն կանգնած է մեր ժողովրդի ներկայի և ապագայի խաչմերուկում` արժանապատվորեն պահպանելով և իրականացնելով հոգևոր կենտրոնի առաքելությունը:

Շնորհավոր ծնունդդ, մեր հին ու նոր Վաղարշապատ, մեր Սուրբ Էջմիածին:

Շնորհավոր տոնդ, սիրելի էջմիածնեցի և համայն հայություն»:

Նիստն ամփոփվել է Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումների շնորհման արարողությամբ:
Այնուհետև վարչապետի գլխավորությամբ հանդիսավոր նիստի պատվավոր հյուրերը շրջել են Էջմիածնում, տոնական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Սուրբ Մարիանե այգում հետևել «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը, ծանոթացել Էջմիածնի օրվա առիթով քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»-ի հնարավորություններին:

Էջմիածնի 2704-ամյակին նվիրված տոնակատարությունը շարունակվել է շքերթով, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում կազմակերպված Հովհաննիսյանական ընդունելությամբ: Մինչ ուշ երեկո նախատեսված են նաև համերգային ծրագրեր, սպորտային և պարային ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ, Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Քուֆթայի փառատոն»: Իսկ այդ ամենը կամփոփվի տոնական համերգային ծրագրով և հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27