Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը եղել է Հացիկում

15.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Հացիկ համայնք` ծանոթանալու համաֆինանսավորման ծրագրերով ընթացող և նախատեսվող, ինչպես նաև համայնքի բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքներին:Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հացիկ համայնքում մինչև դեկտեմբեր կավարտվեն 1971 թվականին կառուցված և մինչև 90-ական թվականները գործող մշակույթի տան՝ 331.3 քմ մակերեսով տարածքի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 769.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%, իսկ համայնքի մասնակցությունը` 70%:

Ընթացող աշխատանքների ավարտից հետո մշակույթի տունն ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման` ապահովելով 5 հիմնական աշխատատեղ, իսկ շահառուների թիվը կհասնի 2500-ի:

Շրջելով մշակույթի տանը և ծանոթանալով իրականացված աշխատանքներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը որոշ թերություններ է նկատել և շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել դրանք` վստահեցնելով, որ որևէ թերի աշխատանք չի ընդունվելու:

Այնուհետև մարզպետը համայնքապետի և համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկել է գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրի առավելությանը և համայնքի սեփական եկամուտների հավաքագրման կարևորությանը վերաբերող հարցեր. «Այսօր պետությունը ծիրանի և խաղողի այգետերերին լավ հնարավորություն է ընձեռել օգտվելու «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարում» ռիսկերի ապահովագրումից: Հորդորում եմ ձեզ ծրագրի վերաբերյալ մանրամասները հասանելի դարձնել այգետերերին, որպեսզի հնարավորինս խուսափեն տարերային աղետների հետևանքով առաջացող խնդիրներից»:

Անդրադառնալով համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարողականի ապահովմանը` մարզպետը կարևորել է բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք իրականացնելը և իրազեկելն առ այն, որ հավաքագրումների բարձր մակարդակը կնպաստի համայնքում առաջնային համարվող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը. «2020 թվականի հունվար ամսին մշակույթի տանը կազմակերպեք համայնքի ղեկավարի` 2019 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը և հենց այս օրինակով ներկայացրեք, որ հարկերի բարեխիղճ վճարման արդյունքում համայնքում լուծվում է տասնյակ տարիներ չլուծված խնդիր»:

Հավելենք, որ Հացիկը մարզի այն 41 համայնքների թվում է, որտեղ Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում 2020 թվականին նախատեսված է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ:

Իսկ համայնքի բյուջեի միջոցներով հաշվետու տարում Հացիկում իրականացվել են և նախատեսվում են հետևյալ աշխատանքները⤵️

  • 2 կմ երկարությամբ լուսավորություն է ապահովվել Արմավիր-Գյումրի-Իսահակայան միջպետական նշանակության ճանապարհի՝ Հացիկ համայնքի հատվածում
  • Համայնքի փողոցների 350 լուսատուներից 120-ը փոխարինվել են LED տիպի լուսատուներով
  • 200 գծմ ջրագիծ է վերանորոգվել
  • 110 քմ փոսալցում է կատարվել
  • Մշակույթի տան հարևանությամբ խաղահրապարակ է կառուցվել
  • Մինչև տարեվերջ համայնքում երկու կանգառ և մեկ զրուցարան կտեղադրվի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36