Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

28.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ողջունելով դեսպանին` մարզպետը բարձր է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք, ըստ նրա, հաջողությամբ իրականացվում են նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակում: Այս համատեքստում մարզպետը դեսպանին ընդհանուր տեղեկություն է ներկայացրել Արմավիր, Էջմիածին և ֆրանսիական Ալո, Իսի լե Մուլինո, Նիցցա քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ու փոխգործակցության ծրագրերի մասին, որոնք տարեցտարի ընդլայնվում և նոր որակ են ստանում: Իսկ մարզի 17 հանակրթական դպրոցներում ֆրանսերենը դասավանդվում է որպես հիմնական կամ երրորդ օտար լեզու:

Անդրադառնալով Արմավիրի մարզի պատմական նկարագրին և հիմնական առանձնահատկություններն` Համբարձում Մաթևոսյանը խոսել է նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունների մասին` շեշտը դնելով զբոսաշրջության և գյուղմթերքի արտադրության ծավալների ընդլայնման վրա:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ներկայացնելով Արմավիրի մարզի վերաբերյալ իր տպավորությունները և բարձր գնահատելով տեղական ինքնակառավարման մակարդակում երկու բարեկամ պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, ինչպես նաև մարզի ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ, որից հետո մարզպետի ուղեկցությամբ դեսպանն այցելել է Արմավիրի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան 5-րդ դպրոց, ներկա գտնվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված ցերեկույթին, շրջել դպրոցում, ծանոթացել կրթօջախի պատմությունը ներկայացնող թանգարանի ցուցանմուշներին և ինքնագիր թողել մեծն շանսոնյեի դիմանկարին, որն այսուհետ իր տեղը կզբաղեցնի թանգարանում:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ազգային Ժողովի մի շարք պատգամավորների, մեծաթիվ հյուրերի և արմավիրցիների հետ միասին ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացմանը, որն իրականացվել է Արմավիրի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, իսկ հեղինակներն են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Սևակ Նալբանդյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57