Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համայնքային այցերը շարունակվում են

29.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արմավիր, Արազափ և Մարգարա համայնքներ` ծանոթանալու կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, համայնքի բյուջեի միջոցներով և բարերարների աջակցությամբ իրականացված աշխատանքներին:

Արմավիր համայնքում մարզպետին ներկայացվել է խմելու ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագրի ընթացքը, որը շարունակությունն է հանդիսանում մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում համայնքում իրականացված համանուն ծրագրի: Նշվել է, որ այժմ հատվածական իրականացվում են խրամուղու փորման, ավազապատման, խողովակաշարի անցկացման, գործող մետաղական խողովակաշարին միացման և խրամուղին ծածկելու աշխատանքները՝ ընդհանուր 5100 գծմ երկարությամբ:Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 29 մլն 787.5 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%, իսկ համայնքի մասնակցությունը` 45%:

Շինաշխատանքի պատասխանատուն նշել է, որ ջրագծի կառուցման ավարտին մնացել է 1500 մետրանոց հատված: Նրա խոսքով` յուրաքանչյուր բաժանորդին տրվում է 20 մմ տրամագծով ելք՝ բակային ցանցերին միանալու համար: Միաժամանակ հավաստիացվել է, որ ծրագրով իրականացվող աշխատանքները կավարտվեն պայմանագրով սահմանված ժամկետում` մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շինպատասխանատուին հորդորել էծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնել բարձր որակով` լիարժեք ապահովելով պայմանագրային պարտականությունները: <<Ելնելով Արմավիրում խմելաջրի խնդրի կարգավորման առաջնահերթությունից` մենք հաշվետու տարում խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման արդեն երկրորդ ծրագիրն ենք իրականացնում այս համայնքում, որի արդյունքում ավելի քան 880 տնտեսություն ապահովվելու է որակյալ ջրամատակարարմամբ: Իսկ 2020 թվականին մարզի 41 համայնքում, այդ թվում` Արմավիրում, Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ>>,- նշել է մարզպետը` համայնքային խնդիրների լուծման հարցում կարևորելով բնակիչների կողմից հարկերի բարեխիղճ վճարումը:

Արմավիրում Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է նաև, որ հաշվետու տարում համայնքում գործող մանկապարտեզը <<Focus on Children Now>> կազմակերպության կողմից համալրվել է գույքով, կազմակերպության միջնորդությամբ փոխվել է մանկապարտեզի տանիքը, մուտքի դուռը, վերանորոգել է աստիճանահարթակը և գումար է հատկացվել ներքին հարդարման համար: Մանկապարտեզին դրամական աջակցություն է ցուցաբերել նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը` սանհանգույց կառուցելու նպատակով: Նշվել է, որ մանկապարտեզն այժմ ունի գազաֆիկացման խնդիր, որի լուծման համար դիմել են տարբեր կազմակերպությունների և անհատների` ակնկալելով համապատասխան աջակցություն:

Այնուհետև մարզպետն այցելել է սահմանամերձ Արազափ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրի շրջանակում մշակույթի տանն իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնց արդյունքում փոխվել են առաջին և երկրորդ հարկերի պատուհանները, դռները, կատարվել են նաև ներքին հարդարման աշխատանքներ: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 19 մլն 070.1 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%, իսկ համայնքի մասնակցությունը` 55%: Համայնքի բյուջեի միջոցներով էլ այժմ վերանորոգվում է մշակույթի տան տանիքը, որը գարնանն ամբողջությամբ վնասվել էր ուժգին քամու հետևանքով:

Արազափ համայնքի ղեկավարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին միաժամանակ ներկայացրել է, որ համայնքային բյուջեի միջոցներով հաշվետու տարում փոսալցվել և հարթեցվել է ներհամայնքային նշանակության 2 կմ երկարությամբ ճանապարհ, բարեկարգվել և ցանկապատվել է համայնքապետարանի բակը, իսկ նախակրթարանը համալրվել է անհրաժեշտ գույքով: Նշվել է նաև, որ 2020 թվականին Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արազափում ևս նախատեսվում է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում՝ համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ:

Մարզպետի շրջայցն ամփոփվել է սահմանամերձ Մարգարա համայնքում, որտեղ սուբվենցիոն ծրագրով շարունակվում են մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Մարզպետին ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքը` համայնքապետը նշել է, որ առաջին փուլով գնել են մանկապարտեզի շենքը, ամրացրել հիմքերը, պատերն ու տանիքը, իսկ այժմ իրականացվում են տանիքի թիթեղապատման, հատակի և պատերի հարթեցման աշխատանքներ: Նշվել է, որ ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 25 մլն 898.66 հազար դրամ է, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 65% (16 մլն 834.13 հազար դրամ), իսկ համայնքի մասնակցությունը` 35% (9 մլն 064.53 հազար դրամ): Միաժամանակ տեղեկացվել է, որ ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 1420 բնակիչ, այդ թվում` 30 երեխա: Մանկապարտեզի շահագործման արդյունքում կստեղծվի 8 ժամանակավոր և 6 հիմնական աշխատատեղ:

Ողջունելով ծրագրի իրականացումը` մարզպետը կարևորել է յուրաքանչյուր համայնքում նախադպրոցական ուսումնական հաստատության առկայությունը և դա համարել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության կարևորագույն հիմքերից մեկը:

Նա, ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել համաֆինանսավորման ծրագրերով և համայնքի բյուջեի միջոցներով իրականացված և դեռ ընթացող ծրագրերից` կրկին անգամ հորդորելով համայնքապետերին` ամենօրյա աշխատանքներ իրականացնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առավելագույն ցուցանիշի ապահովման ուղղությամբ, որպեսզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կրեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44