Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները

04.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ջրային կոմիտեի Ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի, մարզի ջրօգտագործող ընկերությունների տնօրենների, Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում ընդգրկված 41 համայնքից 16 համայնքի ղեկավարի  և ոլորտային այլ պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում 2020 թվականին նախատեսված է 91,630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` համայնքների 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ: Ծրագրի առաջին փուլով մարզի 25 համայնքում արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, և առաջիկա օրերին կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը` մյուս 16 համայնքում ևս համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է մարզում ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրի իրականացումը, որը, ըստ նրա, ոչ միայն դրական արդյունք կապահովի շահառու, այլև հարակից համայնքների համար: Ներկայացնելով մարզում հաշվետու տարում համաֆինանսավորմամբ և այլ միջոցներով իրականացված աննախադեպ թվով ծրագրերը` մարզպետը կարևորել է դրանց որակյալ իրականացումը, որը կբերի շարունակականության ապահովման:

Նա իր խոսքում ընդգծել է, որ եթե կան ծրագրում ընդգրկված համայնքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցություն ունենալ և կթերանան իրենց պարտականությունների կատարման հարցում, նախապես տեղեկացնեն, որպեսզի հնարավորության շրջանակներում ծրագիրն իրականացվի մեկ այլ համայնքում: Ամփոփելով իր խոսքը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարներին ակտիվ մասնակցության և բարձր կատարողականի ապահովման կոչ է արել:

Խորհրդակցության ավարտին Ջրային կոմիտեի պատասխանատուները համայնքապետերի հետ քննարկել են ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվող տեխնիկական բնույթի մի շարք հարցեր` հստակեցնելով առաջիկա անելիքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33