Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Մեծամորի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է ունեցել քաղաքապետի և ավագանու անդամների հետ
13.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մեծամորի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել քաղաքապետի և ավագանու անդամների հետ: Հանդիպման շրջանակում մարզպետը ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով և մարզպետարանի աջակցությամբ Մեծամորում իրականացված ծրագրերը, իսկ քաղաքապետը հանդես է եկել վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին և կարևորելով հաշվետվողականության ու աշխատանքային նոր մշակույթի որդեգրումը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ ներկայացրել է մարզի առաջընթացի իր տեսլականը` շեշտադրում անելով ենթակառուցվածքների զարգացման վրա. «Դրանք աշխատանքներ են, որոնք ինքնըստինքիան կամ շղթայաձև լուծելու են մարզի մի շարք ոլորտներիում առկա խնդիրները` կրթությունից մինչև զբոսաշրջություն: Հետևաբար, մեր պաշտոնավարման տարիներին անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեզ հաջորդող պաշտոնյաները չմտածեն կենսական նշանակություն ունեցող խնդիրների մասին: Եվ իմ խորին համոզմամբ, եթե մենք այս տեմպերով շարունակենք, 3 տարվա ընթացքում մենք մարզում կենսական նշանակության խնդիրներ այլևս չենք ունենա, և խնդիրները կհամարենք զարգացմանը միտված»:
Այնուհետև մարզպետը ներկայացրել է պետության աջակցությամբ Մեծամորում իրականացված համաֆինանսավորման ծրագրերը, որոնց շրջանակում ավարտին է մոտենում թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքների` 1440 քմ ընդհանուր մակերեսով հիմնանորոգման աշխատանքները` 42 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով: Շուրջ 5 մլն դրամի շրջանակում էլ իրականացվել է քաղաքի կանաչապատ տարածքների ոռոգման ցանցի վերականգնման և նոր ցանցի կառուցման ծրագիրը: Իսկ 204 մլն դրամ ծրագրային արժեքով էլ վերակառուցվել է քաղաքի թիվ 1 մանկապարտեզը` համայնքի 8 մլն 648 հազար դրամ համաֆինանսավորմամբ:
Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է նաև, որ մարզպետարանի միջնորդությամբ Մեծամոր քաղաքից դեպի ՀԱԷԿ տանող ճանապարհահատվածի վրա համապատասխան տարածք է հատկացվել ծառատունկ իրականացնելու նպատակով, իսկ Երևան-Արմավիր մայրուղու Մեծամորի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածն էլ ապահովվել է գիշերային լուսավորությամբ:
Մարզպետն անդրադարձել է նաև 2020 թվականին քաղաքում նախատեսվող ծրագրերին` առանձնացնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակում մարզի յոթ համայնքում, այդ թվում` Մեծամորում, պետության աջակցությամբ հաջորդ տարի իրականացվող աշխատանքները:
Ներկայացնելով հաշվետու տարում քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, քաղաքացիական պաշտպանության, կրթության, մշակույթի և սոցիալական բնագավառներում իրականացված աշխատանքները` Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ միջհամայնքային ճանապարհներին, բակերի մայթերին տեղադրել են 360 գծ/մ եզրաքար: 1036 քմ չափով էլ մասնակի բետոնապատվել են միջհամայնքային ճանապարհները:
Նշվել է, որ վերանորոգվել են բարձրահարկ շենքերի վերելակների շարժիչները, փոխվել են 17 բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները և պատուհանները, վերանորոգվել են 14 բազմաբնակարան շենքերի նկուղների կոյուղու, ևս 13-ի էլ խմելու ջրի ցանցերը: Վերանորոգվել է կանգառների և բակերի 4 տաղավար-զրուցարան, 18-ով էլ ավելացել է աղբամանների թիվը:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ ձեռք է բերվել 9–ը կրակմարիչ, որոնք տեղադրվել են համայնքային ենթակայության կազմակերպություններում: Իրականացվել է նաև բարձրահարկ շենքերի վերելակների փորձաքննություն: Վերանորոգվել են համայնքի մշակույթի տան սանհանգույցներից 2-ը, 3-րդ մանկապարտեզի համար ձեռք է բերվել խոհանոցային կահույք, մասնակի վերանորոգվել է դահլիճը և սանհանգույցը: Համայնքում բնակվող սոցիալապես անապահով 68 ընտանիքի էլ տրամադրվել է դրամական օգնություն` 978 .0 հազար դրամի չափով;
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Մեծամոր քաղաքում համաֆինանսավորման ծրագրերով, մարզպետարանի աջակցությամբ և համայնքի բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերը` դրանք բազմապատկելու հարցում կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշի բարելավումը: Ինչպես հավաքագրումների մակարդակի ավելացման, այնպես էլ անօրիանականությունների դեմ պայքարի, քաղաքի մաքրության և բարեկարգման հարցում մարզպետն առանցքային է համարել ավագանու անդամների դերակատարումն ու աջակցությունը` հորդորելով նրանց ամենօրյա աշխատանքներ տանել բնակիչների շրջանում:
Մարզպետ-քաղաքապետ-ավագանի նոր ձևաչափով հանդիպումն ամփոփվել է 2020 թվականի համար նախատեսված բազմաոլորտ ծրագրերի քննարկմամբ: