Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

20.12.2019

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, համայնքապետերը, կրթական և առողջապահական հաստատությունների տնօրենները:

Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ի դեմս Ազգային անվտագության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Դաշյանի, շնորհավորել է համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ` մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն` մասնավորապես կարևորելով մարզային նշանակություն ունեցող ստրատեգիական կառույցների պահպանության, անօրինականության դեմ պայքարի և անվտանգության ապահովման գործում մարզային կառույցի մեծ դերակատարումը: Մարզպետը շնորհավորել է նաև Արմավիրի մարզի նորանշանակ զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանին` վստահություն հայտնելով, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի մարզում բարձր մակարդակով կատարել զորահավաքային պլան-առաջադրանքները: Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ է մաղթել նաև Ալաշկերտ, Նորապատ և Ֆերիկ համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վերընտրված համայնքապետերին:

Անդրադառնալով օրակարգային հարցերին` մարզպետը նախ ընդգծել է, որ նմանօրինակ նիստերի և խորհրդակցությունների արդյունքում ամրապնդելու է հաշվետվողականության նոր մշակույթն Արմավիրի մարզում: Ներկայացնելով իր 2019 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը` Համբարձում Մաթևոսյանը շեշտել է, որ բոլոր ծրագրերն իրականություն են դարձել, և բավականին լուրջ արդյունքներ են արձանագրվել դահլիճում գտնվող յուրաքանչյուր անդամի, մարզի յուրաքանչյուր բնակչի ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ:

Կարևորելով մարզում գյուղատնտեսության առաջնահերթությունը` մարզպետ Համաբարձում Մաթևոսյանը հաշվետվությունը սկսել է ոլորտում արձանագրված ցուցանիշների ներկայացմամբ` ընդգծելով, որ 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները: Մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի արտադրությունը, բացառությամբ կարտոֆիլի, գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը: Հաշվետու տարում վերամշակող ձեռնակությունների կողմից մթերվել է 12464 տոննա գյուղմթերք` պտուղ-բանջարեղեն, որը 60%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Խաղողի մթերումն էլ կազմել է 82 հազար 352 տոննա, որը 30 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա մթերման ծավալը:

Հաշվետու տարում մարզպետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1720 հա թաքնված այգի, որոնք բերվել են օրինական դաշտ, և տարբեր համայնքների բյուջե է մուտքագրվել 34 մլն դրամ: Կտրուկ ավելացել է նաև ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման ցուցանիշը, որն այս պահի դրությամբ 280 մլն դրամով գերազանցում է 2018 թվականի ամբողջ հավաքագրումների մակարդակը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ էլ առաջիկա օրերին դրամական աջակցություն կցուցաբերվի կարկտահարությունից 50%-ից ավել վնաս կրած մարզի 18 համայնքի 1095 գյուղացիական տնտեսության:

Անդրադառնալով հաշվետու տարում մարզում իրականացված ծրագրերին և ներդրումային քաղաքականությանը` մարզպետն այն համարել է հաջողված` նշելով, որ պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող համաֆինանսավորման ծրագրերի, հայաստանյան և դոնոր կազմակերպությունների, առանձին անհատների ու բարերարների աջակցությամբ և այլ միջոցներով մարզի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ավելի քան 209 ծրագիր է իրականացվել` 12 մլրդ դրամի շրջանակում: Նա ըստ ոլորտների և համեմատական տվյալներով ներկայացրել է համապատասխան ծրագրերը` մասնավորապես ընդգծելով, որ միայն 46 համայնքում իրականացվել են 37 կմ երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք 10 կմ-ով ավել են վերջին երեք տարվա կտրվածքով:

24 համայնքում իրականացվել է խմելու ջրագծերի ներքին ցանցի կառուցում, վերակառուցում և վերանորոգում, ևս 9-ում` ոռոգման համակարգերի բարելավում: 26 դպրոցում և 9-ը մանկապարտեզում իրականացվել են հիմնանորոգման, մասնակի վերանորոգման, ջեռուցման համակարգի ներդրման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Վերանորոգվել է 4 մշակույթի տուն: 16 համայնքում իրականացվել է 14 կմ արտաքին լուսավորության ցանցի վերանորոգում, հաստատվել է 5 դպրոցի կառուցման ծրագիր:

Որպես խոշոր ներդրումային ծրագրեր` մարզպետն առանձնացրել է 4 համայնքում մասնավոր ընկերությունների կողմից 4,5 մլրդ դրամի շրջանակում 777.2 հազար խմ ընդհանուր տարողությամբ ջրամբարների կառուցումը, 7 համայնքում 163.39 հա ինտենսիվ այգու հիմնումը, 6 գործարարի կողմից գործունեության ընդլայնումն Արմավիրի մարզում, որի արդյունքում ձեռք է բերվել 2820 հեկտար հողատարածք` հիմնականում ընկույզի, պիստակի, ունաբի, նշի այգիներ հիմնելու, մթերող ձեռնակություն կառուցելու և չրի արտադրությունն ընդլայնելու նպատակով:

Այնուհետև մարզպետը ներկայացրել է տեղական ինքնակառավարման ու վերահսկողության, կադրային քաղաքականության, սեփական եկամուտների հավաքագրման ու դրամական աջակցությունների մասով իրականացված աշխատանքները, ինչպես նաև 2020 թվականի համար նախատեսվող ծրագրերը` ընդգծելով, որ միասնական և բավականին արդյունավետ աշխատանքի արդյունքում ամփոփում ենք մեր մարզի համար աննախադեպ ձեռբերումներով և հաջողություններով առանձնացող մի տարեթիվ, որն ամուր հիմք է նախապատրաստել ավելիին հասնելու և մարզային տնտեսությունը զարգացման նոր մակարդակի վրա դնելու համար:

Մարզպետի կողմից ներկայացված հաշվետվությունն ամբողջությամբ
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44