Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան եռատոնի առթիվ

08.05.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս հաղթական օրվա` Մայիսյան եռատոնի առթիվ:

Մայիսի 9-ը մեզ համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է. մենք այսօր մեծ հպարտությամբ նշում ենք ինչպես 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, այնպես էլ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է այն փաստը, որ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդի: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խամփերյանց, Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարտիկ էլ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Մեծ հայրենականի փառահեղ հաղթանակը հայ ժողովրդի համար նոր իմաստ և բովանդակություն ստացավ 1992-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ, որով մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը: Ի պատիվ մեր քաջերի` այդ փառահեղ հաղթանակն ամրագրվեց Արցախի պաշտպանության բանակի ստեղծմամբ և բեկումնային դարձավ պատերազմի հաղթական ընթացքի համար:

Այսօր գնահատանքի ու երախտագիտության զգացումով գլուխ ենք խոնարհում այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի տարիներին զոհաբերեցին իրենց կյանքը ` հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի վերահաստատման:

Հավերժ փառք ու պատիվ նահատակված խիզախ հայորդիներին, մեր վետերաններին ու այսօր մեզ հետ Մայիսի 9-ը տոնող հերոս ազատամարտիկներին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան փառահեղ եռատոնի առթիվ` մաղթելով քաջառողջություն և խաղաղության մեջ նվաճած նորանոր հաղթանակներ՝ հանուն մեր անկախ պետականության ամրապնդման և համազգային նպատակների իրականացման:
Թող մեր երկրում և ամենուր հավերժի խաղաղությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:56:07