Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը թանգարանների միջազգային օրվա առթիվ
18.05.2020
Թանգարանների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ թանգարանների աշխատակիցներին, թանգարանային գործի մասնագետներին և բոլոր արվեստասերներին:
Թանգարանները, որպես մշակութային հանգույցներ, միաձուլում են անցյալն ու ներկան, պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը՝ սերունդներին հաղորդակից դարձնելով բոլոր ժամանակների մշակութային արժեքներին:
Ասվածիս վառ օրինակն են նաև Արմավիրի մարզում գործող և հայության ու զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում ունեցող Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության, Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանները, Մեծամորի պատմահնագիտական և Զվարթնոցի պատմամշակութային արգելոց-թանգարաններն ու Մայր տաճարի Ալեք Մարի Մանուկյանների Գանձատուն-թանգարանը:
Այս թանգարաններում ընդգրկված 100 հազարավոր ցուցանմուշները պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գլխավոր և նվիրական սրբությունների մասին՝ քարի դարից մինչև մեր օրեր:
Թանգարաններն են մեր հնամյա պատմության լուռ վկայությունը: Եվ ես ցանկանում եմ, որ թանգարաններում պատմության ու արվեստի հետ հաղորդակցվողների պակաս երբեք չլինի, իսկ ոլորտի մեր նվիրյալների աշխատանքը միշտ գնահատված լինի: