Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակներն Արևելյան Հայաստանը փրկեցին բնաջնջումից: Քանզի բոլորի համար պարզ էր, որ արևելահայության համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը:

Սակայն այս անգամ չարագործ թշնամին ձախողեց հայության մի ամբողջ սերնդի` հայ ռազմիկների, քաղաքական գործիչների, շինականների, հոգևորականների ու մտավորականների միաբռունցք պայքարի արդյունքում: Եվ հենց նրանց հավաքական ուժի շնորհիվ 1918 թվականի մայիսի 28-ը դարձավ մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի անկյունաքարը:

Այս հաղթանակով հայ ժողովուրդի ամենահերոսական և հաղթական սերունդը վաստակեց հայրենի հողում ապրելու և իր քաղաքական ապագան հարթելու իրավունքը: Իսկ այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհաջողվեց մայիսի 28-ին վերածնված Հայաստանին, պարտավոր ենք իրականացնելու մենք` 1991-ի սեպտեմբերի 21-ին ազատության ու անկախության նոր ծնունդ առած Հայաստանի քաղաքացիներս:

Կրկին շնորհավորելով բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ` ցանկանում եմ, որ մեր ամենօրյա գործունեությամբ և պատվախնդրությամբ արժանին մատուցենք մեր հաղթանակները կերտած պապերին, հայրերին ու եղբայրներին: Տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք եմ մաղթում բոլորիս:

Փառք Հայաստանի առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա և ապագա Հայաստանի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49