Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներ

26.06.2020

 Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր եղել է Երվանդաշատ, Բագարան և Կողբավան համայնքներում` ծանոթանալու պետական աջակցության և համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին:

Համբարձում Մաթևոսյանը շրջայցը սկսել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված ծրագրային հայտի հիման վրա մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման 4.2 կմ միջպետական և Մ Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալով:

Մարզպետին ներկայացվել է, որ պետական բյուջեի միջոցներով` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությամբ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 486.1 մլն դրամ, իսկ Մ-5 Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհինը` 180.5 մլն դրամ:

Կարևորելով պետական, ինչպես նաև համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումը` կապալառու ընկերության պատասխանատուի հետ զրույցում մարզպետը հորդորել է ճանապարհաշինության ողջ գործընթացում խստագույնս հետևել իրականացվող աշխատանքների որակական չափանիշների և ժամկետների պահպանմանը:

Հաջորդիվ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Երվանդաշատ համայնքի մշակույթի տուն, որի երկրորդ հարկի մի մասը սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերակառուցվում է մանկապարտեզի, իսկ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով և համայնքի միջոցներով իրականացվում են տանիքի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ:

Երվանդաշատ համայնքի ղեկավարը մարզպետին տեղեկացրել է, որ 26 մլն 882.52 հազար դրամ ընդհանուր արժեքով մանկապարտեզի վերակառուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող 65% սուբվենցիոն չափաբաժնով և համայնքի` 35% մասնակցությամբ: Ըստ նրա` ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում համայնքը մինչև տարեվերջ կունենա արդի պայմաններով և գույքով ապահովված մանկապարտեզ` 45 երեխայի համար:

Այնուհետև մարզպետին ներկայացվել են «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, զբաղվածության տարածքային կենտրոնի և համայնքապետարանի մասնակցությամբ իրականացվող մշակույթի տան տանիքի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2 մլն 400 հազ. դրամ, որից 1.5 մլն դրամը նախարարության, իսկ 900 հազ. դրամը` համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Բագարան համայնք այցելության ընթացքում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է համայնքի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրին, որը Թուրքիայի սահմանից 50 մ հեռավորության վրա գտնվող Բագարանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Համայնքապետը մարզպետին տեղեկացրել է, որ մինչև 1989 թվականը Բագարանն ունեցել է ջրամատակարարման ներքին ցանց, այն էլ` միայն գլխավոր փողոցում, որը տարիների ընթացքում քայքայվել և ենթարկվել է կոռոզիայի: Շուրջ 30 տարի է, ինչ բագարանցիները խմելու ջրի կարիքը հոգում են համայնքից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից, իսկ կենցաղում օտագործվող ջուրը վերցվում է Ախուրյան գետից` 5 կմ երկարությամբ ջրատարով:

Սուբվենցիոն ծրագրով, որի ընդհանուր բյուջեն 106 մլն 486.35 հազ. դրամ է, այդ թվում` 70%-ը պետության, իսկ 30%-ը` համայնքի համաֆինանսավորմամբ, կկառուցվի համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը: Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Հաշվետու տարում կիրականացվի 1-ին փուլը՝ աղբյուրակապի և աղբյուրակապից սնուցվող ջրագծի, ջրատարի կառուցում, իսկ 2-րդ փուլով՝ կկառուցվեն ջրամատակարարման ցանցերն ու մուտքագծեր: Երկու փուլի ընդհանուր արժեքը կկազմի 233.3 մլն դրամ:

Բագարան կատարած այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաև դպրոցում նախակրթարանի կառուցման ծրագրին, որն իրականացվում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից` 6 մլն 350 հազ. դրամ ընդհանուր արժեքով: Ծրագրի արդյունքում ավելի քան 25 երեխա նախադպրոցական կրթություն կստանա հարմարավետ պայմաններում:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շրջայցի վերջին կանգառը եղել է Կողբավան համայնքը, որտեղ համայնքի ղեկավարի հետ քննարկվել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով համայնքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի և գործիքների ձեռքբերման գործընթացը` 20 մլն 990.0 հազ. դրամ ընդհանուր բյուջեով (45% պետության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08