Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Մերձավան և Մրգաշատ համայնքներ

24.07.2020

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր եղել է Մերձավան և Մրգաշատ համայնքներում` ծանոթանալու համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով, ֆինանսական այլ աղբյուրներով իրականացվող և նախատեսվող շինաշխատանքներին:

Մերձավանում մարզպետը նախ հանդիպում է ունեցել համայնքապետարանում, որի ընթացքում համայնքապետ Լևոն Գրիգորյանի և աշխատակիցների հետ քննարկել է համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքում կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային միջոցառումների պատշաճ ապահովմանը վերաբերող հարցեր: Համայնքային իշխանության պատասխանատուների հետ միասին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը դիտարկել է նաև Մերձավանում նոր լուսավորության ցանցի անցկացման, տարբեր փողոցներում ասֆալտբետոնե ծածկույթի և մշակույթի տան մասնակի վերանորգման նախագծային փաթեթները: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու համայնքում ֆրեզավորված ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքների իրականացմանը, որպեսզի այդ ուղղությամբ համայնքապետարանի կողմից հավելյալ միջոցներ չներգրավվեն:

Մերձավանում մարզպետին ներկայացվել է նաև շուրջ 120 շահառու ունեցող նորակառույց թաղամասում արդեն իրականացված գազաֆիկացման ծրագիրը, որն էականորեն նպաստելու է բնակչության կենցաղի բարելավմանը և խթանելու` բնակարանաշինությունը: Համայնքապետի փոխանցմամբ` գազաֆիկացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 7 մլն 700 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 35%` 2 մլն 700 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 5 մլն դրամ: Ըստ նրա` ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ապահովվել է 4 ժամանակավոր աշխատատեղ:

Մերձավանում Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է վերջին շրջանում իրականացված և դեռ շարունակվող շինաշխատանքներին: Մարզպետին ներկայացվել է, որ համայնքապետարանի միջոցներով երկու փուլով իրականացվել է դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքի հիմնանորոգումը, ամբողջությամբ վերանորոգվել են նաև կրթօջախի սանհանգույցները: Նշվել է նաև, որ դպրոցի խնայած միջոցներով և մարզպետարանի անմիջական աջակցությամբ աշխատանքներ են իրականացվել 4 դասասենյակի վերակառուցման, վերանորոգման, այդ դասասենյակներում ջեռուցման համակարգի բարելավման, ինչպես նաև միջանցքների պատերի ամրացման և ջերմակայունության ապահովման ուղղությամբ: Տեղեկացվել է նաև, որ ընթացիկ ուսումնական տարում նախատեսվում են ջրահեռացման և էլեկտրամատակարարման համակարգերի նորոգում` դարձյալ կրթօջախի խնայած միջոցներով:

Անուհետև մարզպետին ներկայացվել են դպրոցի շրջանավարտներ Վոլոդյա Գրիգորյանի և Գևորգ Գևորգյանի բարերարությամբ կրթօջախի երեք հարկերում տեղակայված դասասենյակներում և միջանցքներում իրականացվող լայնածավալ վերանորոգման աշխատանքները:

Ողջունելով համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը և դպրոցում կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է համայնքային իշխանություն-դպրոցի տնօրինություն արդյունավետ համագործակցությունը` ի շահ համայնքի բնակչության բարօրության և մատաղ սերնդի լուսավոր ապագայի:

Հաջորդիվ մարզպետն այցելել է Մրգաշատ համայնք, որտեղ 2020 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է իրականացվելու. վերանորոգվելու, բարեկարգվելու է համայնքի մանկապարտեզի շենքը և հարակից տարածքը, փոխվելու է երաժշտական դպրոցի տանիքը, ասֆալտապատվելու է 13-րդ փողոցի մի հատվածը, ինչպես նաև հակակարկտային կայաններ են տեղադրվելու` ընդհանուր 75 մլն 345.28 հազար դրամ ծրագրային արժեքով:

Այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է վերոնշյալ չորս սուբվենցիոն ծրագրերից մեկով ավարտական փուլում գտնվող երաժշտական դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 195.11 հազար դրամ, այդ թվում` 30%-ը` 2 մլն 158.53 հազար դրամը, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 70%-ը` 5 մլն 036.58 հազար դրամը` համայնքի մասնակցությունը: Համայնքապետ Գևորգ Դանիելյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին վստահեցրել է, որ երաժշտական դպրոցի տանիքը փոխելուց հետո նախատեսվում են նաև շենքի ընդհանուր վերանորոգում, որի արդյունքում կբացվեն ըմբշամարտի և ծարամարտի խմբակներ, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Այնուհետև համայնքապետի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացել է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբեր ամսին ընդունած որոշմամբ Մրգաշատի` սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 1-ին դպրոցի հարևանությամբ կառուցվող նոր դպրոցի տարածքին և նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքին: Մարզպետին ներկայացվել է նաև համայնքապետարանի միջոցներով համայնքի հրապարակի բարեկարգման ծրագիրը, որի շրջանակում նախատեսված տարածքը կսալիկապատվի, կապահովվի գիշերային լուսավորության նոր ցանցով, նստարաններով, զրուցարաններով և կանաչապատ տարածքով:

Համայնքապետ Գևորգ Դանիելյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացրել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հիմնական ֆինանսավորմամբ Մրգաշատի ոռոգման ցանցի ընդլայնման ծրագրով մեկնարկային փուլում գտնվող աշխատանքները` միաժամանակ ընդգծելով, որ համայնքն ընդգրկված է նաև Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում, որով նախատեսված է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ: Մարզպետի հետ քննարկվել է նաև համայնքի մշակույթի տան հիմնանորոգման և հանդիսությունների սրահի շահագործման ծրագիրը:

Կարևորելով Մրգաշատ համայնքում իրականացված և նախատեսվող ծրագրերի կենսական նշանակությունը մրգաշատցիների կյանքում` մարզպետը կոչ է արել համայնքապետին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նաև համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը և կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ ապահովումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49