Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Նորավան և Դալարիկ համայնքներում ծանոթացել է համաֆինանսավորման ծրագրերով ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող շինաշխատանքներին

27.07.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Նորավան և Դալարիկ համայնքներ կատարած այցի ընթացքում ծանոթացել է համաֆինանսավորման ծրագրերով ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում մեկնարկող շինաշխատանքներին:

Նորավանում մարզպետին ներկայացվել են 22 մլն 549.0 հազար դրամ ընդհանուր բյուջեի շրջանակում համայնքապետարանի հարակից տարածքում մեկնարկած բարեկարգման աշխատանքները, որոնց իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 30%` 6 մլն 764.7 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 15 մլն 784.3 հազար դրամ: Ծրագրի արդյունքում hամայնքը կունենա ունիվերսալ խաղահրապարակ` ցայտաղբյուրով, զրուցարաններով, նստարաններով, սալիկապատ անցուղիներով և բացօթյա դահլիճով, որտեղ ամռանը կինոդիտումներ կկազմակերպվեն:

Կարևորելով նորավանցիների առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով հանգստի և ժամանցի համար հաճելի միջավայր ստեղծելու գաղափարը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, այդուհանդերձ, Նորավանի համայնքապետ Արթուր Միքայելյանին առաջարկել է հաշվետու տարում 100 %-ով ապահովել համայնքային բյուջեով նախատեսված հավաքագրումների կատարողականը, որպեսզի մարզպետարանի գործուն աջակցությամբ հաջորդ տարի կառավարության հաստատմանը ներկայացվի նաև համայնքում մանկապարտեզ կառուցելու ծրագիրը:

Համայնքապետի հետ մարզպետը քննարկել է նաև Նորավան համայնքի հարևանությամբ գնտվող և մինչև 2005 թվականը որպես անտառային տնտեսություն համարվող տարածքի անտառաշերտի վերականգնման և դրանով իսկ էկոլոգիական մի շարք խնդիրների լուծման հարցը, որը Համբարձում Մաթևոսյանի կողմից արդեն իսկ ներկայացվել է ՀՀ կառավարություն և պատկան գերատեսչություններ: Անդրադարձ է եղել նաև Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մարզի 41 համայնքում, այդ թվում` Նորավանում, նախատեսվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որով նախատեսված է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Դալարիկ համայնք, որտեղ 2020 թվականի համար հաստատված հինգ սուբվենցիոն ծրագրից երեքով նախատեսված շինաշխատանքները սկսվել են. վերակառուցվում են Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի, համայնքի հանդիսությունների սրահի ու մարզասրահի տանիքները, իսկ բազմաբնակարան բոլոր 19 բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները փոխարինվում են նորերով: Նշված երեք սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 38 մլն 981.13 հազար դրամ: Ծրագրերի իրականացման փուլում, ընդհանուր առմամբ, կստեղծվի 11 ժամանակավոր, իսկ ավարտին` 4 հիմնական աշխատատեղ:

Համայնքապետ Ալիկ Պողոսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել ընթացող աշխատանքներին և հորդորել մեծ ուշադրություն դարձնել դրանց որակյալ իրականացնելուն և պայմանագրով սահմանված ժամկետներում ավարտելուն. «Բացառելու ենք ցանկացած անորակ աշխատանքի ընդունում, ինչպես նաև պայմանագրային ժամկետների խախտում»:

Դալարիկ համայնքի ղեկավարի հետ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկել է նաև հանդիսությունների սրահի ու մարզասրահի հարակից տարածքը բարեկարգելու և այգի դարձնելու, ինչպես նաև մարզասրահը շահագործման հանձնելու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի ներքին հարդարմանը և ընթացիկ մի շարք այլ հարցերի, որոնց շուրջ առաջիկայում մասնավոր քննարկումներ տեղի կունենան:

Հավելենք, որ շուտով կմեկնարկեն նաև սուբվենցիոն մյուս երկու ծրագրերով նախատեսված Դալարիկ համայնքի Կոմիտաս փողոցի ևս 3319.8 քմ հատվածի ասֆալտապատման և Չարենց, Թումանյան, Տերյան, Իսահակյան փողոցների ոռոգման ներտնտեսային փակ ցանցի կառուցման աշխատանքները` 29 մլն 165.55 հազար դրամ ընդհանուր գումարի շրջանակում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57