Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Անկախության օրվա առթիվ

21.09.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ:

Տարեթվեր կան, որ ստեղծվում են ժամանակի պահանջով ու հրամայականով և հավերժանում են դարերի ու սերունդների համար: Հայ ժողովրդի պատմական կենսագրության մեջ բացառիկ կարևոր և որպես շրջադարձային իրողություն կմնա 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, երբ համայն հայությունը վերահաստատեց ազատ ու անկախ երկրում ապրելու իր կամքն ու վճռականությունը: Եվ այս պատմական իրադարձությամբ հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց, այն է` անկախության ուղին:

Սակայն բոլորս գիտենք, որ անկախությունը նվեր չտրվեց մեր ժողովրդին, այն ձեռք բերվեց բազում դժվարությունների, պատերազմի ու մաքառումների գնով: Ուստի այսօր պատեհ առիթ է մեր հարգանքն արտահայտելու անկախությունը կերտած մեր հայրենակիցների հանդեպ, խոնարհումը` հանուն անկախության ամրապնդման իրենց կյանքը զոհած հայ քաջերի հանդեպ, գնահատանքը` Հայոց սահմաններն անսասան պահող մեր զինվորների հանդեպ և հարգանքը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ:

Ինչ խոսք, երկրի կառուցման, շենացման գործը չի կարող հստակ ժամկետներ ու սահմաններ ունենալ. դա շարունակական, առաջընթաց ապահովող և նոր հեռանկարներ ուրվագծող մի գործընթաց է, որին մեզանից յուրաքանչյուրը թե´ այսօր, թե´ վաղը պետք է իր մասնակցությունն ունենա: Քանզի բոլորիս նպատակը հզոր ու զարգացող հայրենիք ունենալն է: Եվ ես վստահ եմ, որ որևէ փորձություն ու դժվարություն չեն կարող խաթարել մեր երկրի հաստատուն ընթացքը:

Կրկին շնորհավորելով Անկախության տոնի առթիվ` բոլորիս մաղթում եմ եռանդուն և արգասաբեր աշխատանք` հանուն մեր պետության հզորացման ու մեր ժողովրդի բարեկեցության:
Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57