Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռող կենտրոնի բացմանը

22.09.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօր մասնակցել է մտավոր խնդիրներ ունեցող 18-65 տարեկան շուրջ 40 անձի համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռելու ծրագրի շրջանակում հիմնանորոգված կենտրոնի բացմանը:

Ինչպես տեղեկացրել էինք, 2020 թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանության էր արժանացել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող 394 քմ մակերեսով տարածքը «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնելու և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Երազանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ որոշման նախագիծը:


Ծրագիրն իրականացվել է Ամերիկահայ բարերար Արևիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ և Հայաստան Համահայկական Հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երազանքի ճանապարհ» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագրի շրջանակում իրականացվել է տարածքի բարեկարգում և հարմարեցում, որը ներառում է տարածքում անվտանգության նորմերին համապատասխան պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգի տեղադրում, տարածքի վերանորոգում, կահավորում և տարածքի հարակից այգու բարեկարգում, ներառյալ` ծառերի խնամք և տարատեսակ մշակաբույսերի աճեցում։

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ծանոթանալով ծրագրի արդյունքում իրականացված աշխատանքներին և խոցելի խմբի անձանց ինքնաիրացման համար ստեղծված լավագույն պայմաններին, իր շնորհակալությունն է հայտնել ծրագրի հեղինակներին և ընդգծել իրականացված ձեռնարկի կարևորությունը` նշելով. «ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է, որ չնայած նման ծրագրերի հաջող իրականացման արդյունքում էականորեն կրճատվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների թիվը, այնուամենայնիվ, այն դեռևս լուրջ սոցիալական հիմնահարց է և կառավարության համար հանդիսանում է մարտահրավեր, որը կարող է վտանգել երկրի սոցիալական կայունությունը: Այդ պատճառով խնամքի կարիք ունեցող մեր քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ձեռնարկները կշարունակեն մնալ մեր ուշադրության կենտրոնում:

Ցանկանում եմ ընդգծել հատկապես ծրագրի մասնակցային կառավարման ինստիտուտների դերակատարումը որոշումների կայացման գործընթացում: Իսկ հանրային մասնակցության աստիճանի բարձրացման առումով համոզված եմ, որ բարեկեցությունը և զարգացումը մեր երկրում կարող է ապահովվել միմիայն ամբողջ հասարակության գիտակցված և նպատակաուղղված միասնական գործընթացների շնորհիվ»:

Միջոցառումն ավարտվել է Արմավիրի մարզպետարանի և «Երազանքի ճանապարհ» ՀԿ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ` ի նպաստ սոցիալական պաշտպանության ոլորտի համակարգային խնդիրների լուծման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08