Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

17.08.2021

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը Հայաստանում ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, ՀՀ զինված ուժերի, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի սպայական կազմի և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել Օշականի ճակատամարտի 194-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված 1131 ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երկու եղբայրական պետությունների ռազմական համագործակցության փառահեղ էջերից համարվող Օշականի ճակատամարտի հաղթական օրվա առթիվ` Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն ընդգծել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև Օշականում տեղի ունեցած ճակատամարտում հայ-ռուսական զորքերի հաղթանակի բացառիկ նշանակությունը, որի արդյունքում հաջողվեց Էջմիածինը փրկել թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից:

Նա իր խոսքում շեշտել է Օշականի ճակատամարտի վճռորոշ նշանակությունն Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու և Ռուսաստանին միավորվելու տեսանկյունից և հավելել, որ Օշականի ճակատամարտում կրկին ամրապնդվել է հայ-ռուսական եղբայրական զինակցությունը, որն այլ ուղղությամբ շրջեց պատմության անիվը:

Ամփոփելով իր խոսքը՝ փոխմարզպետը նշել է, որ 194 տարի անց էլ հայ ժողովուրդն ամենայն երախտագիտությամբ է հիշում ռուս մարտիկների սխրանքը հայկական հողում և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առաջ:

Օրվա առթիվ ելույթ են ունեցել նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը և պաշտոնատար այլ անձինք:

Հուշակոթող-մատուռում հայ և ռուս հոգևորականների կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, և աղոթք է հնչեցվել առ Աստված` Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հոգիների հանգստության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15