Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետարանում քննարկվել են ոռոգման գործընթացին վերաբերող հարցեր

20.08.2021

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների և մարզպետարանի ոլոտային պատասխանատուների մասնակցությամբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում:

Նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ ՏԿԵ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։ «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սևանա լճից այս տարվա համար օրենքով սահմանվածից պակաս չափաքանակի ջրառ իրականացնելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ, և այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար նախատեսված ծավալներով ջրառի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ընհանուր տեղեկություն ներկայացնելով մարզում ոռոգման շրջանով պայմանավորված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծել է, որ ոռոգման ապահովման առումով ճգնաժամային փուլը հաղթահարված է, և այժմ ավելի կայուն շրջան է։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզպետի առաջարկությամբ «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-երի տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում ոռոգովի հողատարածքներին և ոռոգման ջրի պահանջարկին առնչվող տվյալներ, ինչպես նաև ջրասակավության պայմաններում ջրօգտագործող ընկերություններին անհրաժեշտ ջրաքանակների ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Մարզի ՋՕԸ-երի ղեկավարների տեղեկացրել են նաև, որ ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։

Քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես՝ նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրոօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-11-30 19:09:24