Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն Արմավիրի 5-րդ դպրոցում ներկա է գտնվել գրքին ու ընթերցանությանը նվիրված միջոցառմանը՝

05.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել գրքին ու ընթերցանությանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում կրթօջախի սաները հանդես են եկել ռուս գրականությունն ու պոեզիան ներկայացնող գրական-գեղարվեստական կատարումներով:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորանքի խոսք է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ՝ այն համարելով կարևորագույն մասնագիտություններից մեկի տոնը, որն ամենամեծ ազդեցությունն ունի մարդու ներաշխարհի ձևավորման ու աշխարհայացքի վրա: «Ուսուցիչներն այն մարդիկ են, ովքեր երկար ճանապարհ են անցնում աշակերտների հետ՝ ողջ այդ ընթացքում կրթելով, դաստիարակելով հայրենանվեր սերունդ, ովքեր պետք է ծառայեն հայրենիքին ու կերտեն վաղվա օրը»,- իր խոսքում նշել է մարզպետը՝ ընդգծելով, որ արվում է ամեն հնարավորն ուսուցիչների համար արժանավայել աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով:

Համբարձում Մաթևոսյանը, թվարկելով մարզում դպրոցաշինությանը և նախադպրոցական ուսումնական հաստատություններին ուղղված ծրագրերը, դրանք համարել է մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպան և իրականացման կարևոր և առաջնային նախադրյալ:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել նաև «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին՝ հրաշալի նախաձեռնությամբ տոնական օրն Արմավիրում անցկացնելու և արդյունավետ համագործակցելու համար:

Վահրամ Կարապետյանն էլ իր հերթին բարձր գնահատելով դպրոցի դերը մարդու կյանքում՝ ընդգծել է, որ եթե մանկապարտեզ հաճախելը երեխայի ընտրությամբ է, ապա դպրոցի պարագայում դա պարտադիր է և որոշիչ՝ մեր երկրի ապագայի հարցում: Նա իր խոսքում նշել է, որ մեծ հպարտություն է զգացել միջոցառման ընթացքում տեսնելով, թե ինչպես են աշակերտներն իրենց մայրենի լեզվին զուգընթաց գերազանց տիրապետում նաև ռուսերենին:

Ապա «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից կրթօջախին նվիրելով գրքերի և մեթոդական ուղեցույցների հավաքածու՝ Վահրամ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ուսումնամեթոդական ձեռնարկները կօգնեն աշակերտներին էլ ավելի լավ սովորել ռուսաց լեզուն և ամրապնդել ստացած գիտելիքները՝ ի պատիվ հայ-ռուսական դարավոր բարեկամության և Արմավիրի մարզի հետ կենտրոնի չդադարող համագործակցության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15