Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին
07.10.2021
ՀՀ Արմավիրի մարզպետՀամբարձում Մաթևոսյանն Արմավիրի հոգևոր առաջնորդի, Էջմիածնի քաղաքապետի, արվեստասեր հանրության ներկայացուցիչների և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում գործող «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին:
Արդեն 6-րդ տարին կազմակերպվող սիմպոզիումի նպատակն է հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, ինչպես նաև համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և բարձր գնահատելով «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի իրականացման գաղափարը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն մարզի և Էջմիածին քաղաքի կարևոր դիմագծերից մեկն է: Խոսելով կազմակերպության բազմապրոֆիլ և արդիական ձեռնարկների մասին՝ նա դրանցում առանձնակի կարևորել է սոցիալական գործոնի դերը:
Ապա մարզպետը շնորհավորել է «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ այն եզակի դեպքերից է, երբ մարդն իր ծննդյան օրը հաճելի նվեր է մատուցում մյուսներին. «Գնահատելով Ձեր ուրույն դերը մարզի կրթամշակութային կյանքում՝ մեծ պատիվ ունեմ Էջմիածնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում Ձեզ պատվոգրով պարգևատրելու»:
Նշենք, որ Սիմպոզիումին մասնակցել է 70 գեղանկարիչ՝ 10 երկրից։ Իսկ գործունեության նախորդ 5 տարիների ընթացքում «Մաչանենց» սիմպոզիումին մասնակցել է շուրջ 200 արվեստագետ՝ 25 երկրից։
«Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ի շրջանակում տեղի է ունեցել մասնակցության վկայականների հանձնում, ցուցահանդեսի բացում, որին էլ հաջորդել է գեղարվեստական մասը:
Սիմպոզիումի գործընկերն է ՀՀ նկարիչների միությունը։