Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Հովտամեջ համայնք

15.10.2021

 ՀՀ Արմավիր մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Հովտամեջ համայնք: Այցի շրջանակում մարզպետը նախ ծանոթացել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական և ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ապա ներկա գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը:

Հովտամեջ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցների բարեկարգման աշխատանքներին: Համայնքապետը ներկայացրել է, որ ծրագրի շրջանակում 640 քմ մայթ և 1560 քմ փողոց կհիմնանորոգվի: Ըստ նրա՝ Երևանյան փողոցի մայթերի սալիկապատումը կիրականացվի կիսախողովակներ տեղադրելուց հետո, ինչը կնպաստի ոռոգման ջրի պատշաճ մատակարարմանը՝ նվազեցնելով ջրի կորուստը: Իսկ համայնքի գերեզմանատուն տանող Հ. Բաղրամյան փողոցում նախատեսվում է կատարել ջրատարի հիմնանորոգում, որին կհաջորդեն տարածքի հարթեցումն ու տուֆե քարերի տեղադրումը՝ սալարկումը:

Հետևելով իրականացվող աշխատանքներին՝ մարզպետն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել դրանց ընթացքը՝ նկատելով, որ ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված միաժամանակյա աշխատանքներն առավել երկարատև կդաձնեն նշված փողոցի ու մայթի շահագործումը:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Հովտամեջի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել Արցախյան 3-րդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ցերկույթին և խաչքարի բացմանը:

Ողջունելով ներկաներին՝ նա իր համար մեծ պատիվ է համարել գտնվելու մերօրյա հերոսների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: Մարզպետը ցավով է նշել պատերազմի ընթացքում հայկական կողմի ունեցած կորուստերի մասին՝ դրանցում առանձնակի ընդգծելով մարդկային կորստները: «Բարեբախտաբար Հովտամեջում մենք չենք ունեցել զոհեր, բայց ողջ մարզում 300-ից ավել զոհ ենք ունեցել: Նաև ունեցել ենք քաջ մարտիկներ, քաղաքացիական բարձր գիտակցումով Հայաստանի Հանրապետությանն արժանի քաղաքացիներ, ովքեր կարևոր աշխատանք են տարել թիկունքում՝ պաշտպանելու համար մեր հայրենիքը, հողն ու ջուրը:

Մինչ դպրոց այցելելը ես ծանոթացա նաև համայնքում իրականացվող շինաշխատանքներին և կրկին համոզվեցի, որ նաև հայրենանվեր ու ազնիվ աշխատանքով, մեր գյուղերն ու քաղաքները շենացնելով մենք պետք է արժանին մատուցենք մեր հերոսների հիշատակին: Եվ ես վստահ եմ, որ այս խաչքարը լոկ հուշակոթող չէ, այլ մեր զոհերի հավերժության խորհրդանիշն է»,- իր խոսքում նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակված բոլոր հերոսների հիշատակի առջև:

Հիշատակի միջոցառումն ամփոփվել է կրթօջախի սաների՝ օրվա խորհուրդը լրացնող ռազմահայրենասիրական կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15