Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը

24.08.2022

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Արմավիրի մարզպետարանում այսօր ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, մարզը ներկայացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ:

Ողջունելով ներկաներին և կարևորելով կրթական գերատեսչության նախաձեռնությամբ օգոստոսյան խորհրդակցության կազմակերպումը՝ փոխմարզպետը նշել է, որ այն միտված է ոլորտի առջև ծառացած խնդիրների, նոր ուսումնական տարվա հիմնական անելիքների քննարկմանն ու պարզաբանմանը: Նա շնորհավորել է նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցների տնօրեններին ուղղված իր խոսքում կարևորել է հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով դրանք կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:

Անդրադառնալով մարզում կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արդեն 28 մանկավարժ ատեստավորվել է, ևս 300-ն էլ մասնացելու հայտ է ներկայացրել: Ըստ նրա՝ հաջորդ ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերին, որի ժամանակացույցը և առարկաների ուղեցույցները կհրապարակվեն առաջիկայում։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ Արմավիրի մարզից այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել շուրջ 714 դիմորդ` ընդհանուր դիմորդների 71.9%-ը:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև տնօրենների աշխատավարձերի նախատեսվող բարձրացմանը՝ նշելով, որ այժմ մշակվում է նոր կարգ, որը ենթադրաբար ուժի մեջ է մտնելու 2023 թվականի սեպտեմբերից և հնարավորություն է տալու բարձրացնելու տնօրենների, փոխտնօրենների և մնացած վարչական աշխատողների աշխատավարձերը:

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանն էլ ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանն առնչվող մի շարք պարզաբանումներ։ Մասնավորապես անդրադառնալով նախագծային և հետազոտական ուսուցմանը՝ Թորոսյանը նշել է, որ այդ աշխատանքները պետք է իրականացնել ուսումնական պլանով նախատեսված ընտրովի բաղադրիչի հաշվին, որին հատակցված են համապատասխան ժամաքանակներ և դրանց տնօրինման հարցում դպրոցն ազատ է։
Խորհրդակցությունն ամփոփվել է հարց ու պատասխանով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49