Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

06.01.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Սուրբ ծնունդը սիրո, հույսի, հավատի, բարության և միասնության խորհրդանիշ է, որը քրիստոնյա ժողովուրդը մեծ ցնծությամբ և անսահման հավատով է նշում: Սակայն այս տարի ավետելով Հիսուս Քրիստոսի հայտնությունը՝ բոլորս մեր մտահոգ հայացքներն ենք ուղղում առ Աստված հավատով, որ շուտով վերջ կդրվի արցախահայության առաջ ծառացած փորձություններին:
Այսօր յուրաքանչյուրս պարտավոր ենք ձեռք մեկնել անմարդկային պայմաններում հայտնված մեր հայրենակիցներին, որոնք օրեր շարունակ գտնվում են շրջափակման մեջ:
Մենք՝ հայերս՝ որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն ընդունած ժողովուրդ, պետք է մեր միասնականությամբ, անսասան հավատով և անկոտրում կամքով քրիստոնյա աշխարհին ցույց տանք իրական քրիստոնեական արժեքները, մեր ազգային որակները, մարդու ցավի նկատմամբ անտարբեր չլինելու կարողությունը, փորձության մեջ հայտնվածին եղբայրաբար ձեռք մեկնելու ունակությունը:
Քրիստոսի հայտնությունը հավատացյալ ժողովրդին ուղղորդում է դեպի լուսավորը, մաքուրն ու ազնիվը, բարին ու մարդկայինը, չափավորությունն ու գոհունակությունը:
Այս սրբազան տոնն իր խորհրդով բոլորին դարձնում է հոգատար, միմյանց հանդեպ սրտացավ, ստիպում է մտորել մեր իղձերի, նպատակների մասին, մեզ սովորեցնում է ավելի արժևորել մեր բնօրրանը, ընտանիքն ու հարազատներին, մեր հավատքն ու հոգևոր արժեքները:
Սիրելի՛ արմավիրցիներ, բոլորս մեր հոգիներում ամբարած բազում երազանքներ ունենք:
Թող Աստծո զորությամբ և օրհնությամբ բոլորիդ իղձերն ու նպատակներն իրականանան:
Մաղթում եմ առողջություն, խաղաղություն ոչ միայն մարդկային հոգիներում, այլև մեր սրբազան հայրենիքում:
Թող մանուկ Հիսուսն իր սուրբ ծննդով զորավիգ լինի մեր հայրենակիցներին, ողջ արցախահայությանը:
Թող հաստատուն խաղաղություն տիրի Հայաստան աշխարհում:
 
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ ավետիս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36