Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Զբոսաշրջային գրավչություններ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, «ՏՈՒՐԻԶՄ ԵՎ ԱՐՏ»

 

ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:

Իմանալ ավելին` Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին

 

Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում:

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել:

Իմանալ ավելին` Սուրբ Գայանե վանք մասին

 

Սուրբ Շողակաթ եկեղեցի, եկեղեցի Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում` Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։

Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։

Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (4-րդ դար) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են 4-5-րդ դարերում։

Իմանալ ավելին` Սուրբ Շողակաթ եկեղեցու մասին

 

Բագարանի Սբ. Շուշանիկ եկեղեցի

Սբ. Շուշանիկ եկեղեցին (Շուշանա վանք) գտնվում է, հայ-թուրքական սահմանի եզրին: Այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918 թթ.):

Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում։ Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք։

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

«Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն

Գանձատունը կառուցվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության օրոք` 1982 թ. բարերարությամբ ամերիկահայ ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների: Գանձատուն-թանգարանի ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է:

Այստեղ են պահվում և երկու ընդարձակ սրահներում ցուցադրվում դարերով հայորդիների կողմից ստեղծված հոգևոր և մշակութային արժեքներ` եկեղեցական սրբություններ ու մասունքներ, կիրառական արվեստի նմուշներ, խորանի վարագույրներ, հին հայկական գորգեր, որոնք հավաքվել են Մայր Աթոռում աշխարհի տարբեր կողմերից:

Առանձին մի սրահում ցուցադրվում են նաև տարբեր շրջաններում Հայոց Հայրապետներին ընծայված արժեքավոր նվերներ:

2013 թ. Գանձատանը սկսեց գործել նաև Մայր Աթոռի ձեռագիր մատյանների արժեքավոր հավաքածուի «Կառլ և Էմմա Սողոյաններ» ցուցասրահը:

 

Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան (ՀԱԱՊՊԹ), պետական թանգարան Հայաստանի Հանրապետության Սարդարապատի հուշահամալիրում՝ Հայաստանի Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։

Իր առաջին այցելուներին թանգարանը ընդունել է 1978 թվականին։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով է կառուցվել այդ միջնադարյան ամրոցի տեսքով թանգարանի շենքը։

Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։

Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը պարունակում է 70 հազարից հավաքածուներ:

Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչև մեր օրեր։ Այն պարունակում է.

  • Որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ,
  • խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ,
  • ժայռապատկերներ,
  • կենցաղային և ծիսական անոթներ,
  • զենքեր,
  • զարդեր և զանազան այլ առարկաներ են ներկայացված մարդկային հասարակության վաղ ժամանակաշրջանին նվիրված բաժիններում։

Այստեղի հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։

 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից 3 կմ արևելք, Զվարթնոց թաղամասում, Երևանից 15 կմ արևմուտք: Ըստ միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրների՝ այս վայրը հնում կոչվել է Առապար:

Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Տաճարական համալիրի հարավ-արևելյան մասում պահպանվել են նաև V դ. միանավ եկեղեցու մնացորդներ:

Առապարի Սբ. Գրիգոր կամ Զվարթնոցի տաճարը կառուցել է Ներսես Գ Շինարար կաթողիկոսը 643-652 թթ.: Եռահարկ, կենտրոնագմբեթ, ներքին խաչաձև հատակագծով, բոլորակ արտաքինով Զվարթնոց տաճարն իր վեհությամբ, ձևով և կառուցվածքով, հարուստ և ինքնատիպ գեղարվեստական հարդարանքով տրամաբանական շարունակությունն ու բարձրակետն է կառուցողական այն ավանդույթների, որոնք գոյություն են ունեցել Հայաստանում հնուց ի վեր:
Մասնագետների կարծիքով տաճարը կործանվել է X դ. վերջին, երկրաշարժից:

Տաճարը «Զվարթնոց» է անվանում VII դ. պատմիչ Սեբեոսը: Նրա վկայությամբ՝ հայոց Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը «...որոշեց իր համար նստավայր շինել այն Սուրբ եկեղեցիներին մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ Սուրբ Գրիգորին: Շինեց այնտեղ և մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների՝ երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին»: VII դ. պատմիչ Մովսես Կաղանկատվացու վկայությամբ՝ տաճարն օծվել է 652 թ.:

Տաճարի տարածքում հնագիտական պեղումները սկսվել են դեռևս XIX դ. 90-ական թթ.: 1893 թ. Էջմիածնի վանական Մեսրոպ Տեր-Մովսիսյանը նախաձեռնել է բլրի պեղման աշխատանքները, որոնք շուտով դադարեցվել են՝ թույլտվություն չունենալու պատճառով: 1900 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հովանավորությամբ Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանը վերսկսել է ընդհատված պեղումները և արդեն հունիս ամսին ի հայտ բերել տաճարի ավերակները: 1904 թ. գարնանից Զվարթնոցի պեղումները փաստացի ղեկավարել է արտարապետ Թորոս Թորամանյանը: Նա, մանրամասն ուսումնասիրելով պահպանված մասերն ու գտնված բեկորները, 1905 թ. վերստեղծել է Զվարթնոցի նախնական տեսքը՝ կազմելով տաճարի վերակազմության նախագիծը:

Թ. Թորամանյանի՝ Զվարթնոցի վերակազմության նախագիծը մինչև այժմ էլ մնում է գիտական լուրջ և հավաստի հիմնավորումներով կատարված եզակի աշխատանք և ստացել է համընդհանուր ճանաչում: XX դ. 40-ական թթ-ից տաճարի տարածքում պարբերաբար կատարվել են բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ:

1937 թ. տաճարի հարավային կողմում՝ ավերակների հարևանությամբ, հիմնադրվել է թանգարան, որը մինչև 1990-ական թթ. սկիզբն ունեցել է մեկ սրահի մեջ ամփոփված փոքր ցուցադրություն: Վերանայված և համալրված գիտական ցուցադրությունն իրականացվել է 2012 թ.: Երեք ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական և ճարտարապետական բաժիններից:

2000 թ. Զվարթնոցի հնագիտական վայրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության գրանցամատյանում:
 

Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան


Արմավիրի մարզում գտնվող դիտարժան վայրերից է Մուսա լեռան թանգարան-մասնաճյուղը:

Բարձունքում տեղակայված տուֆակերտ, արծվանման այս շինությունն անմահացնում է 1915 թվականի Մուսա լեռան հերոսամարտը: Այն մուսալեռցիների պայքարն էր գոյության համար, որը հնարավորություն տվեց ամբողջ աշխարհին ճանաչելու հային` որպես հզոր ու անկոտրում ազգ:

Թանգարանում ներկայացված են Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին նվիրված և մուսալեռցիների ավանդական կենցաղը, ծեսերը, սովորույթները ներկայացնող ցուցանմուշներ:

Ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը` հերոսական ճակատամարտի տարեդարձին, մուսալեռցիների հետնորդները հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և մեծ շուքով տոնում իրենց հաղթանակը: Այդ օրը մի մեծ տոնախմբություն է լինում. մուսալեռցիները խարույկ են վառում, հավաքվում են խարույկի շուրջը, դհոլ զարկում, ժողովրդական երգեր երգում ու պարում: Հենց այս օրն էլ պատրաստում են ազգային կերակուրը` հարիսան:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին և գործում է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության համակարգում։ Թանգարանի հավաքածուն գոյացել է Տարոնիկ գյուղի մերձակայքում՝ Մեծամոր գետի ակունքների մոտ գտնվող հնագույն ամրոց-քաղաքատեղիի 1965 թվականից սկսած և մինչև օրս շարունակվող պարբերական պեղումների գտածոներից։

Թանգարանում պահպանվում է 26290 միավոր արժեք, որից 9337-ը ներկայացված է գործող ցուցադրությունում։ Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվում և նորացվում է, քանի որ Մեծամորի պեղումները չեն դադարում անակնկալներ մատուցել։

Իմանալ ավելին` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան մասին

 

Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան

Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը հիմնադրվել է 1964թ. թանգարանի երախտավոր և առաջին տնօրեն Ալբերտ Աբրահամյանի ջանքերով: Գործում է Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայությամբ: Այստեղ պահվում և երկու հարկաբաժինների ցուցասրահներում ցուցադրվում են մոտ 12.5 հազար հնագիտական և ազգագրական արժեքներ` սկսած ք.ա. 4-րդ հազարամյակից:

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան

Էջմիածնի՝ Կոմիտասի անունը կրող հրապարակի արևմտյան մասում՝ կարմիր տուֆակերտ ցանկապատի ետևում, երևում է մի տուն, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Հովհաննես Հովհաննիսյանը:

Ի հավերժացումն բանաստեղծի հիշատակի՝ 1948 թ. փետրվարի 9-ին բանաստեղծի դստեր և թանգարանի առաջին տնօրեն Եվա Հովհաննիսյանի ջանքերով աշխատավորների, դեպուտատների Էջմիածնի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն որոշեց այդ տունը վերածել Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի:

Բանաստեղծի հայրական տունը պահպանված է նույնությամբ, միայն արտաքուստ երեսպատված է հայկական տուֆաշերտով: Այն 1.5 հարկանի 215 քմ համեստ մի շինություն է՝ բաղկացած չորս մասնասենյակից, միջանցքից և խոհանոցից, ունի ընդարձակ պատշգամբ, նկուղներ, որտեղ պահվել են Արարատյան դաշտի բարիքները:

Էջմիածնի Խորեն Տեր-Հարությունյանի անվան թանգարան


 

Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին և գործում է իբրև Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Թանգարանի հավաքածուն ձևավորվել է ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությունյանի նվիրատվությունների հիման վրա (քանդակ, գծանկար, գեղանկար)։ Դրանք ցուցադրվել են Էջմիածնի պատկերասրահում` ներկայիս հոգևոր ճեմարանի շենքում:

Թանգարանի հավաքածուն բաղկացած է 250 գործերից, որոնցից ցուցադրվում է մոտ 100-ը, սակայն ցուցադրությունը պարբերաբար նորացվում է։

Մհեր Աբեղյանի թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին՝ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի նախաձեռնությամբ։ Թանգարանի համար հիմք է հանդիսացել հարազատ ծննդավայրին Մհեր Աբեղյանի կողմից նվիրաբերած 300 ստեղծագործություններից բաղկացած հավաքածուն, որոնց մի մասը հետագայում հանձնվել է Ազգային պատկերասրահին, այժմ թանգարանում կա 150 աշխատանք։ Թանգարանը գործում է որպես Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ։

«Արաբոյի և ֆիդայիների թանգարան»


Արաբոյի և ֆիդայիների թանգարանն ու դրան կից պուրակը հիմնվել են 2006 թվականին` կոչումով ու էությամբ մանկավարժ Համբարձում Պողոսյանի ջանքերով:

Թանգարանի նպատակն է մատաղ սերնդին և երիտասարդությանն ամբողջական պատկերացում փոխանցել 19-20-րդ դարում Մայր Հայաստանում տեղի ունեցածի, ինչպես նաև Ղարաբաղյան դեպքերի և Արաբո ջոկատի գործնեության մասին:

«ՄԱՉԱՆԵՆՑ» թանգարան

 

«ՄԱՉԱՆԵՆՑ» թանգարանը հիմնադրվել է 2000 թվականին։ Թանգարանում ներկայացված է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի անձնական հավաքածուն, որը հավաքվել է 30 տարիների ընթացքում և շարունակվում է համալրվել նաև նվերնեի միջոցով։ Ցուցադրված են տարբեր ժամանակաշրջանների հայկական կենցաղավարման նմուշներ և մշակութային արժեք ներկայացնող իրեր:

 

«ՏՈՒՐԻԶՄ ԵՎ ԱՐՏ»

«ՄԱՉԱՆԵՆՑ ՏՈՒՐԻԶՄ ԵՎ ԱՐՏ» սոցիալական ձեռնարկություն

ՄԱՉԱՆԵՆՑ ՏՈՒՐԻԶՄ ԵՎ ԱՐՏ-ը սոցիալական ձեռնարկություն է, որը գործում է Էջմիածին քաղաքում 2010 թվականից:
Սոցիալական ձեռներեցության աշխատանքների արդյունքում Էջմիածնում գործող «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում բացվել է երկու մշակութային օջախ` արվեստաց դպրոց և մանկական պատկերասրահ:

Ընկերությունը կազմակերպում է հյուրընկալություններ, վարպետության դասեր զբոսաշրջիկների համար, տարածքում կա նաև Արտ հյուրանոց և Հյուրատուն, որտեղ հյուրերը կարող են իրենց անմոռանալի հանգիստն անցկացնել՝ ընտրելով թեմատիկ սենյակներից որևիցե մեկը, ինչպես նաև տեսնել հայկական կենցաղավարման բազում իրեր հնագիտական և ազգակրական թանգարաններում:

Այստեղ դուք կարող եք համտեսել հայկական ավանդական խոհանոցի բազմազան ճաշատեսակներ ու կերակուրներ, մասնակցել վարպետության դասերին` տոլմայի, լավաշի, ավանդական գաթայի, հալվայի, սուջուխի:

Սովորել հայկական ավանդական կերակուրների պատրաստման եղանակներ, ականատես լինել ավանդական եղանակով գինու ստեղծման արարողությանը:
Իսկ կավագործության, նկարչության, կարպետագործության, գորգագործության, բատիկայի, թատրոնի և տարազի վարպետության դասերը հետաքրքիր կդարձնեն Ձեր հանգիստը: Ավելին` այստեղ

Սարգիս Վարդանյանի արվեստի տուն-մշակութային ակումբ

 

Սարգիս Վարդանյանի արվեստի տուն-մշակութային ակումբի ստեղծման գաղափարի հիմքում ընկած է վարպետի՝ տասնամյակների ստեղծագործական ժառանգությունը: Որպես գեղանկարիչ Սարգիս Վարդանյանը տիրապետում էր զարմանալի գունային գամմայի: Վարպետի նկարներում առկա է օդի, լույսի, տարածության անսահման զգացողությունը, որոնք ներդաշնակվելով նրա գունային, կառուցվածքային և ստեղծագործական վարպետության հետ՝ ծնունդ է տվել զարմանահրաշ նկարներ, որոնք բացահայտում են Սարգիս Վարդանյան նկարչի՝ նրբաճաշակ, արտահայտիչ և հեքիաթային աշխարհը: 


Նկարչի թողած հսկայական ժառանգությունը պահպանվում է նրա հայրական տան հիմքում կառուցված արվեստանոցում, որը դեռ նկարչի կենդանության օրոք վերածվել է ցուցասրահի:  Ավելին` այստեղ

«Ոսկենի գինիները» ընտանեկան խաղողի և գինեգործական ընկերություն

«Ոսկենի գինիները» ընտանեկան խաղողի և գինեգործական ընկերություն է, որը գտնվում է Սարդարապատ համայնքում:

Գինեգործարանի տեսլականը պտտվում է սեփականատերերի նախահայր Սմբատ Մաթեոսյանի նշանավոր պատմության շուրջ: 1925-ին այս ազնվական մարդը Ամերիկայից եկել է Հայաստան ՝ հետամուտ լինելու գինի պատրաստելու իր երազանքին, որն ինչ-ինչ հանգամանքների բերումով չի իրականացել…: Եվ գրեթե 100 տարի անց նրա ժառանգները, վերադարձել են Հայաստան և ձեռնամուխ եղել իրենց նախահոր երազանքի իրականացմանը:

Սմբատ Մաթեոսյանի երազանքն իրականություն է դարձել. վերջինիս ժառանգներն այսօր արտադրում են բացառիկ գինիներ, նույն վայրում հիմնել են գեղատեսիլ խաղողի այգի, հարմարավետ տուն-ռեստորան` դեպի Արարատ լեռը նայող զարմանահրաշ տեսարանով: Ավելին` այստեղ

 

«Մեր հացարան» ընտանեկան ժամանցի վայր

Արմավիրի Ջիվանու 66 հասցեում է գտնվում Մե՛ր հացարանը։ Հրաշալի վայր ընտանիքով առողջ, տնական ուտեստներ վայելելու համար։

Իսկ քաղաքի օտարերկրյա հյուրերի համար Մե՛ր Հացարանը առաջարկում է նաև հյուրատան ծառայություններ։

Հայկական կոլորիտով համեմված հացարանը սպասում է իր հյուրերին: Ավելին` այստեղ

«ԱՐԱՔՍԻ ՁՈՐ»  հանգստի գոտի

Գյուղական տուրիզմի հաճելի վայր, որը գտնվում է Երևան-Արմավիր-Գյումրի մայրուղու վրա, հեռավորությունը Երևանից 60կմ է, իսկ Գյումրի քաղաքից՝ 70կմ:

Տարածքում կան բավականին հարմարավետ տաղավարներ, որոնց կողքով հսոսղ գետի վրա տեղադրված են երկաթյա կամուրջներ: Տարածքն ամբողջությամբ կանաչապատ է` ապահովված անխափան էներգամատակարարմամբ: Ավելին` այստեղ


Հյուրատուն  
«Արաքսի Ափին»

Հյուրատունը գտնվում է Արաքսի ափին , անմիջապես հայ-թուրքական սահմանի մոտ՝ Փշատավան գյուղում : Տարածքը ձևավորված է հնություններով։ Ավելին` այստեղ

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-24 17:38:34